Եկեղեցիները հարկելու հարցը միշտ էլ վիճելի է եղել։ Շատերը պնդում են, որ չնայած կրոնական կազմակերպությունները շահույթ չեն հետապնդում, սակայն տարեկան միլիոնավոր դոլարներ են ստանում, հետևաբար նրանք պետք է հարկեր վճարեն: Նաև տարածված է այն տեսակետը, որ եկեղեցու հետևորդների զգալի մասը հարկեր է վճարում, ուստի եկեղեցուն հարկելը կնշանակի կրկնակի հարկեր գանձել:
Կոլումբիայում, օրինակ, այս բանավեճը սրվեց, երբ նախագահ Գուստավո Պետրոյի երդմնակալությունից օրեր անց ֆինանսների նախարարը ներկայացրեց հարկային նոր բարեփոխումների առաջին փաթեթը, որում նախատեսված էր նաև եկեղեցիներին ազատել հարկերից:
Որոշ երկրներում, չնայած եկեղեցիները, որպես այդպիսին, չեն հարկվում, բայց ունեն հարկային պարտավորություն: Օրինակ, Էկվադորում եկեղեցիները պարտավոր չեն եկամտահարկ վճարել, բայց 2010 թ․-ից նրանք ներկայացնում են գույքի հայտարարագիր որպես իրավաբանական անձ, չեն ազատվում ԱԱՀ-ից: Սա նախատեսված է «հավասարության և կրոնի ազատության մասին» օրենքով, որը տարածվում է երկրի բոլոր կրոնների, բոլոր եկեղեցիների վրա:
Բոլիվիայում 2019 թ․-ից գործող 1169 օրենքի համաձայն` եկեղեցիներից պահանջվում է պահպանել գործող հարկային կանոնները, ուստի նրանք պետք է հարկեր վճարեն իրենց գործունեության համար։
Մեկ այլ օրինակ է Մեքսիկան՝ ամենաշատ ծխականներ ունեցող երկրներից մեկը. այստեղ եկեղեցիներն ազատվում են տասանորդի, նվիրատվությունների կամ բարեգործական նվիրատվությունների հարկերից, եթե դրանք նախատեսված են բացառապես կրոնական նպատակներով:
Հնդկաստանում մի քանի տարի առաջ փորձ արվեց վերահսկողություն հաստատել կրոնական հաստատությունների նկատմամբ։ Առաջարկը ձախողվեց, սակայն կրոնական հաստատությունները գործում են նաև որպես բարեգործական կազմակերպություններ, և ստացված նվիրատվությունները դոնորին ազատում են հարկերի որոշակի տոկոս վճարելուց: Սակայն եթե ապացուցվի, որ նվիրատվությունը նախատեսված չէր բարեգործության համար, անհրաժեշտ է վճարել այդ գումարի 30% -ը։
Աշխարհի այլ երկրներում, ինչպիսիք են Դանիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Իտալիան, Շվեդիան, Խորվաթիան, Իսլանդիան կամ Շվեյցարիան, եկեղեցական հարկ կա: Վերջինս հարկատեսակ է, որը պետությունը գանձում է որոշ կրոնական դավանանքների ներկայացուցիչներից՝ եկեղեցիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։
Այն երկրներում, ինչպիսիք են Իսպանիան և Պորտուգալիան, եկեղեցին նույնպես ֆինանսավորվում է իր հետևորդների կողմից, բայց այս դեպքում դա կամավոր է, և պետության կողմից չկա պարտադրանք։
Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը դեռևս ազատում է եկեղեցիներին հարկումից։ Օրինակ՝ Արգենտինայում պետությունը տարեկան $8,8 մլն է հատկացնում կաթոլիկ եկեղեցուն, իսկ եպիսկոպոսներն աշխատավարձ են ստանում։ Պերուում կառավարությունը տարեկան $800 հզր է հատկացնում եկեղեցուն, ինչպես նաև վճարում է իրենց երկրում եպիսկոպոսների և եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը:
Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցուն հարկելու իշխանությունների վերջին հայտարարություններին, որոնք հանրության կողմից միանգամայն այլ համատեքստում են ընկալվում, պետք է նշենք, որ մեր եկեղեցին ոչ միայն հարկեր է վճարում, այլ նաև ներառված է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում․
ՊԵԿ-ի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ. նույն եռամսյակի համեմատ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցին իր դիրքերը բարելավել է՝ 688-րդ հորիզոնականից տեղափոխվելով 488-րդ հորիզոնականը։
Եկեղեցին 2024թ. առաջին եռամսյակում մոտ 36%-ով ավելի շատ հարկեր է վճարել, քան 2023թ. առաջին եռամսյակում։ Արդյունքում՝ եկեղեցու վճարած հարկերի ծավալները 2024թ. առաջին եռամսյակի դրությամբ կազմել է ֏147,475,000։ Ընդ որում՝ 2024թ. առաջին եռամսյակում եկեղեցու կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալներում 80% մասնաբաժին ունեն եկամտահարկի գծով և 19% մասնաբաժին՝ այլ հարկեր և վճարների գծով վճարների ծավալները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում