Ձերբակալվել է փողերի լվացման սխեմայի մասնակից չինուհին․ Reuters

2 Min Read

Լոնդոնի դատարանը 42-ամյա Վեն Ջիանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման խարդախությամբ խոշոր չափերի գումար յուրացնելու համար։

Քննիչների տվյալներով՝ Վենը չինացի ներդրողներից խարդախությամբ ձեռք բերված 6,4 միլիարդ դոլարի լվացման սխեմայի մասնակից է եղել: Կինը օգնել է հսկայական միջոցները սկզբում վերածել բիթքոինների, իսկ հետո՝ դոլարի: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այս սխեման գործել է Չինաստանում 2014-2017 թվականներին։ Երբ Չինաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել, կազմակերպիչները փախել և հաստատվել են Մեծ Բրիտանիայում: Գողացված միջոցները Չինաստանից հանելու համար հանցագործները դրանք վերածել են կրիպտոարժույթի, իսկ գործընթացն արագացնելու համար ներգրավվել են մի քանի մարդկանց, որոնց թվում եղել է Վենը, ով այն ժամանակ աշխատել է չինական ճաշարանում։ Ընդհանուր առմամբ, հանցագործները կարողացել են գնել 61 հազար բիթքոին։

Ինչպես դատարանում հայտարարել է կինը, ինքը չի իմացել, որ գումարը կրիմինալ ծագում ունի, «ուղղակի սեղմել է համակարգչի կոճակները» և արել է այն, ինչ իրեն ասել են։

Վենը դատարանում ասել է, որ գումարն իրեն անհրաժեշտ էր «իր և իր որդու համար ավելի լավ կյանք ապահովելու համար»։ Վենը լավ գումար է վաստակել այս սխեմայով:

Նա վարձել է վեց սենյականոց տուն ամսական 17000 ֆունտով, շրջել է աշխարհով մեկ և տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել Harrods հանրախանութում`ձեռք բերելով դիզայներական հագուստ և կոշիկ։

Կինը 25000 ֆունտ ստեռլինգով գնել է Mercedes E մակնիշի ավտոմեքենա և վճարել է որդու ուսման ծախսերը թանկարժեք դպրոցում, որտեղ մեկ կիսամյակի արժեքը 6000 ֆունտ է եղել:

Նա հայտնվել է բրիտանական իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ փորձել է գնել մի քանի շատ թանկարժեք սեփականություն Մեծ Բրիտանիայում։

Կիսվեք այս հոդվածով