Հայաստանում ամենախոշոր «գործատուն» ծառայությունների ոլորտն է. Որքան է կազմում միջին ամսական անվանական աշխատավարձը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները հնարավորություն են տալիս մեկ այլ կողմից դիտարկել տնտեսության վիճակն ու կատարել համապատասխան քայլեր։ Տարբեր ժամանակներում տնտեսության կառուցվածքն ընդունում է ժամանակին համապատասխան ձևը։ Այս գործընթացի վրա ազդեցություն են գործում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները։



Հայաստանյան ներկայիս իրականության պայմաններում 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության կառուցվածքը հետևյալն է․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ տարբեր ոլորտներում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 735,921 մարդ։ Սա 2023թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 5,2%-ով։ Ընդ որում՝ Հայաստանում ամենախոշոր «գործատուն» ծառայությունների ոլորտն է, որտեղ կենտրոնացված է աշխատուժի շուրջ 77,7%-ը՝ 5,8%-ով ավելի 2023թ-ի առաջին եռամսյակի համեմատ:

Երկրորդ խոշոր «գործատուն» արդյունաբերության ոլորտն է, որտեղ կենտրոնացած է աշխատողների 16,6%-ը։ Ընդ որում՝ 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ արդյունաբերության ոլորտում աշխատողների թվաքանակն աճել է ընդամենը 1,5%-ով։

Աշխատողների թվաքանակի 4,3%-ը զբաղված է շինարարության ոլորտում։ Այստեղ 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արձանագրվել է աշխատողների թվաքանակի ամենամեծ աճը՝ 13,3%։

Հայաստանում «ամենափոքր» գործատուն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ 2024թ. առաջին եռամսյակում զբաղված է եղել աշխատողների ընդամենը 1,3%-ը։ Այս ոլորտում 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աշխատողների թվաքանակը նվազել է 2,8%-ով։

  • Տնտեսության վերոնշյալ կառուցվածքի վրա զգալի ազդեցություն են ունենում ոորտներում ձևավորված աշխատավարձերը. վիճակագրությունն այսպիսին է.

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են 8,2%-ով՝ կազմելով ֏ 282,879։ 

2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձերի ամենամեծ աճը՝ 8,8%, դիտվել է ծառայությունների ոլորտում, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է ֏ 294,333։

Աշխատավարձերի ամենափոքր աճը 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. առաջին եռամսյակի համեմատ դիտվել  արդյունաբերության ոլորտում՝ 4,9%, որտեղ անվանական աշխատավարձը կազմում է ֏ 244,606։

Նկատենք, որ գյուղատնտեսությունում աշխատավարձերի աճը 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կազմել է 7%, որի արդյունքում ոլորտում աշխատավարձերը հաստատվել են ֏ 178,221  մակարդակում։

  • Այսպիսով, վերոնշյալ պատկերը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ոլորտային մակարդակում վերլուծել և վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են և ազդում են ոլորտի արտադրողականության վրա։ Այն գործիքները, որոնք կապահովեն արտադրողականության աճ առաջանցիկ տեմպերով , թույլ կտան բարձրացնել նաև աշխատավարձերը՝ այդ ոլորտները դարձնելով ավեի հրապուրիչ աշխատուժի համար։
TAGGED:
Share This Article