Մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ. Մայր Աթոռ

2 Min Read

Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Այս մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ:

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու հասցեին բարձրաձայնվող մեղադրանքներին ի պատասխան՝ ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։

ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։
Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։
Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։
Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։
Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին։
Share This Article