Կառավարության նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ չզեկուցվող հարցերի մեջ, ինչպես և նախորդիվ, Կառավարության գրեթե բոլոր նիստերի չզեկուցվող հարցերում ունենք Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող գույքերի վերաբերյալ որոշումներ։
Այսօր ամրացվել է Գավառ համայնքի Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող 0.431 հա մակերեսով հողամասը և հողամասի վրա կառուցված շենք-շինությունը. գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը մոտ 30 մլն դրամ է։
«Նշեմ, որ Դատախազությունն առաջարկել է, և առաջարկն ընդունվել է, որպեսզի գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվի Հայաստանի Հանրապետության ԱՍՀՆ ենթակայությամբ գործող «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը. մանկատունը չի կարող գույքը հանձնել վարձակալության կամ որևէ իրավունքով տրամադրել այլ անձանց։ Որոշման նախագծով ամրագրվել է, որ անշարժ գույքը շահագործվելու է մանկատան երեխաների կրթական, սպորտային, մշակութային միջոցառումները և նրանց այլ ժամանցը կազմակերպելու նպատակով»,- ասել է Վարդապետյանը։
Նա տեղեկացրել է, որ գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին և ձեռքբերված է եղել օրենքի խախտմամբ. դրա վերաբերյալ կա քրեական վարույթ։
«Նշեմ, որ ԱՍՀ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ գույքը վերադարձնել, նորից չափագրել, որովհետև կար ապօրինի կառուցված շենք-շինություն։ Անկեղծ ասած, ես սկզբից մտադրություն ունեի շենքը հիմնահատակ քանդելու, քանի որ գույքը կառուցված էր 60-րդ հոդվածի սահմանափակում ունեցող տարածքում՝ մանկատանը պատկանող այգում, բայց հետագայում, նաև գույքի հնարավոր պոտենցիալը տեսնելով, գործընկերների հետ քննարկեցինք, որ ավելի ճիշտ կլինի որպես հանրային սննդի օբյեկտ՝ գարեջրատուն ծառայող տարածքը տալ մանկատանը, որպեսզի մանկատունը կարողանա կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնել երեխաների համար»,- ասել է դատախազը։
Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով, և ՀՀ սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն-ը արդեն մուտք է արված գանձապետական հաշվին»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում