Կառավարության նիստին հաստատվել է Պետական գույքի կառավարման ծրագրի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվության մասին որոշման նախագիծը: Այն ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ հաշվետվությունը ներառում է Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ 2023 թվականի ամբողջ գործունեությունը՝ մասնավորեցումների, լուծարման գործընթացների, գործարքների, օտարումների, վարձակալությունների, ալեհավաքների և մի շարք այլ ծառայությունների, ինչպես նաև ներդրումային մի շարք այլ պարտավորությունների կատարման մասին տեղեկատվությունները:
Նրա խոսքով՝ բավականին հաջողված տարի է եղել, որովհետև բոլոր ուղղություններով ակնհայտ տարբերություններ կան նախորդ տարվա համեմատ: Մասնավորապես՝ 2023-ի ընթացքում պետգույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15.4 մլրդ դրամ, և այս մուտքերը հիմնականում եղել են պետբյուջե, համայնքային բյուջեներ և ՊՈԱԿ-ների բյուջեներ: Այս 15.4 միլիարդից 2.2 մլրդ դրամը մուտք է եղել համայնքների բյուջեներ՝ աջակցելով համայնքներին այդ միջոցներով այլ ծրագրեր իրականացնել:
«Այս 15.4 միլիարդի բացվածքը հետևյալն է. գույքերի օտարումից՝ 10.6 մլրդ, բաժնեմասի մասնավորեցումից՝ 3.8 մլրդ, վարձակալությունները՝ 673 մլն դրամ, և ալեհավաքները, դրանց տեղադրումը՝ 287 մլն դրամ: 15.4 մլրդ դրամը նախորդ տարվանից ավելի է 6.4 մլրդ դրամով կամ 72 տոկոսով»,- ասել է նա:
Նախարարը նաև հայտնել է, որ, բացի այս գումարներից՝ գործարքներով ստանձնել են նաև 34 մլրդ դրամի պարտավորություններ, որպեսզի առաջիկա 5 տարիներին գործընկեր կազմակերպությունները նաև 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնեն: Օտարվել է 38 գույք, որոնք արդեն որոշակի տնտեսական էֆեկտ են տվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում