Կառավարությունը սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ սահմանեց, որը կգործի 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ը։
Այս մասին նախագիծը ներառված էր այսօրվա Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
«Արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ արգելքի կիրառման հաջորդ տարում (2021թ.) պողպատի ձուլագլանվածքների արտադրությունը աճեց 8.4 անգամ։ Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2024 թվականներին կատարվել են ներդրումներ ոլորտում, այդ թվում՝ օտարերկրյա («Ասեդլ», «Ձուլակենտրոն», «Էդմետ», «Ասկե գրուպ», «Տաշիր գրուպ», Քարակերտի քարաձուլման գործարան)։
Նշված ընկերությունները նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են (տեղի կունենա ներմուծման փոխարինում)։ Ըստ մեր կանխատեսումների, վերը նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 65-70%-ով, հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի»,- նշված է հիմնավորման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում