ԱՆԻՖ-ը կլուծարվի

1 Min Read

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) կլուծարվի։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության՝ մայիսի 23-ի նիստի օրակարգում։

Առաջարկվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)` պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե)։

«Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններով»,- նշված է հիմնավորման մեջ։

ԱՆԻՖ-ը ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը:

ԱՆԻՖ-ի նպատակն էր լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։ Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ին։

Share This Article