Կիրանցի նոր ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ ճանապարհի շինարարությունը մեկնարկել է, կա՞ն դժվարություններ այդ ճանապարհների կառուցումը 2 ամսում ավարտելու հարցում:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ երկու ճանապարհի մասին է խոսքը, մեկը՝ ամբողջովին նոր կառուցվող: Մոտ 750 մետր երկարություն կունենա նախնական հաշվարկներով:
«Շինարարությունը սկսվել է, և խնդրել ենք շինարարական ընկերությանը բավարար ուժեր ներդնել այնտեղ, որպեսզի աշխատանքները 2 ամսում ավարտեն: Հեշտ չէ, բայց անհնար էլ չէ: Ամեն ինչ կանենք, որ այդպես լինի: Մյուսը գործող ճանապարհի մասին է, դեպի Աճարկուտ գնացող ճանապարհն է, որը նաև մի հատվածից՝ Կիրանցի մի այլ փողոցով, դուրս է գալիս և միանում է հանրապետական ճանապարհին: Ընդհանուր առմամբ մոտ 3.5 կմ երկարություն ունի, որի մի մասը հին, ասֆալտապատ ճանապարհ է՝ դեռ 70-80-ական թվականների, մյուս մասը գրունտային, նեղ ճանապարհ է: Մենք այս ճանապարհն ուզում ենք հիմնանորոգել որոշակի, որպեսզի նորմատիվային, նոր չափորոշիչների համապատասխանեցվի: Լայնացնել և ամբողջն ասֆալտապատել: Այս ճանապարհը նույնպես սկսված է, և այս ճանապարհի համար նույնպես նախանշված է մոտ 2 ամիս ժամկետ»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում