Մայիսի 25-ին և 26-ին Երևանի Սիզընս Այգում տեղի կունենա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը:
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականցնում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որը միտված է բացահայտելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը:
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը՝ 12:00-ին:
Ցուցահանդեսի շրջանակում՝ Հայաստանի 10 մարզերը կներկայացնեն իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու գրավչությունները, մարզին բնորոշ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։
Արկածային տաղավարում էքստրեմալ ճամփորդությունների սիրահարները կարող են ծանոթանալ Հայաստանի արկածային զբոսաշրջային հնարավորություններին, իսկ գաստրո տաղավարում շեֆ խոհարարները յուրաքանչյուր մարզի ներկայացուցչի հետ միասին կպատրաստեն և այցելուներին կներկայացնեն տարբեր մարզերին յուրահատուկ ուտեստները։
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր, մշակութային ցուցադրություններ և իհարկե ավանդական հայկական երգ ու պար։
Մուտքն ազատ է, մայիսի 25 ժամը՝ 12։00 – 21։00 և մայիսի 26 ժամը՝ 12։00 – 17։00։
Ցուցահանդեսին զուգահեռ, մայիսի 25-ին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն կանցկացնի նաև «Բացահայտելով մարզային զբոսաշրջությունը. Կայուն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման ռազմավարական մոտեցումները» խորագիրը կրող համաժողովը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները`
- Համայնքների հզորացում. Տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման միասնական մոտեցումները
- Մարզային զբոսաշրջության մեջ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների զարգացման հեռանկարները
- Զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում. Չորս թիրախային զբոսաշրջային ուղղությունների դերը Հայաստանի համայնքային զբոսաշրջության զարգացման գործընթացում
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում