Բացահայտվել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք. ՊԵԿ

2 Min Read

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով  անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք:

Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության  բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան  գնացքներից մեկի  պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից  Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, ՀՀ է տեղափոխում մաքսային հսկղությունից թաքցված դեղորայք։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝  ՊԵԿ աշխատակիցները Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մուտքի մոտ` ավտոկայանատեղիում, մոտեցել են քաղաքացի Գ. Կ.-ին, ով այդ պահին փորձել է իր մեքենայի բեռնախցիկում տեղավորել «Հարավկովկասյան Երկաթուղի» ընկերությանը պատկանող  գնացքով, իր իսկ կողմից ներմուծած՝ շուրջ 25 կգ քաշով, երկու մեծ սև պոլիեթիլենային տոպրակ:

Գ. Կ-ն հրավիրվել է ՊԵԿ ՄԴՊ վարչություն, որտեղ ներկայացրել է իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակներում առկա ապրանքները: Ուսումնասիրությունից  հետո  պարզվել է, որ ամբողջը դեղորայք է եղել։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Մեկ այլ դեպքով, ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացի Դ. Ս.-ն, իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանից Հայաստան է տեղափոխում դեղորայք:

«Հիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՄԴՊ վարչության աշխատակիցները Դ. Ս.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, Վրաստանից ժամանելուց հետո ուղեկցել են «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում տվյալ  տրանսպորտային միջոցի դռների և բեռնախցիկում առկա գազաբալոնային համակարգի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 24 կգ քաշով, տարբեր տեսակի դեղամիջոց: Կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով