Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Փաթեթի ընդունմամբ նպատակ է հետապնդվում լուծել Կառավարության ծրագրով նախանշված՝ հարկային քաղաքականության և, մասնավորապես, հարկման այլընտրանքային կարգերին վերաբերող կարևոր նպատակներ: Այս մասին ելույթում ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Առաջինը հարկման այլընտրանքային համակարգերի, մասնավորապես, շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռը մոտարկելն է:
Ինչպես հայտնի է, շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման հիմնական համակարգին այլընտրանքային համակարգի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառման և մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորության ապահովումն է:
Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես, տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ և շահութահարկ) և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում (բացառություն են կազմում այն ոլորտները, որոնցում կատարվող հիմնական գործարքները ազատված են ԱԱՀ-ից) հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է:
Այսպես, մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում՝ 2.1 անգամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության բնագավառում՝ 2.8 անգամ:
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, շրջանառության հարկի համակարգում գործունեության տարբեր տեսակների համար սահմանված առանձին դրույքաչափերի պայմաններում առևտրական (առք ու վաճառքի) և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունների համար սահմանված է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն:
Ընդ որում, բացի այն հանգամանքից, որ նման հնարավորություն սահմանված է գործունեության միայն վերոնշյալ երկու տեսակների համար, այդ երկու գործունեության տեսակների համար ծախսերի միջոցով շրջանառության հարկի գումարի նվազեցման համար սահմանված են տարբերակված մոտեցումներ: Վերոնշյալ հանգամանքները մի կողմից անհարկի բարդացնում են շրջանառության հարկի համակարգն առհասարակ, մյուս կողմից չեն նպաստում այլ գործունեության տեսակների մասով կատարվող ձեռքբերումները փաստաթղթավորելու գործընթացին:
Բացի այդ, շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են այնպիսի գործունեության տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում գործունեություն իրականացնելու արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ, իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են նաև այլ գործունեության տեսակներով, որոնք չենք կարող հարկվել հարկման այս համակարգերում (օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեությունը, որի շրջանակներում շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների (պահեստամասերի) վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում):
Նախագծերով առաջարկվում է.
1) վերանայել գործունեության հիմնական տեսակների (առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն, այլ գործունեություն) համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն: Ընդ որում, առաջարկվում է սահմանել ներկայումս գործող նվազագույն կամ հաստատուն դրույքաչափերից ցածր դրույքաչափեր, որոնց պարագայում փաստաթղթավորման պատշաճ մակարդակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային բեռը կարող է նվազել,
2) գործունեության վերոնշյալ տեսակների համար սահմանել փաստաթղթավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորության միասնական մոտեցում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հաշվարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված մի շարք ծախսերի, ինչպես նաև ներմուծված ապրանքների արժեքի, հարկերի և մաքսատուրքի գծով ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն,
3) ընդլայնել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել՝
շրջանառության հարկի համակարգում նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը,
միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում անշարժ գույքի առքուվաճառքի և (կամ) վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների գործունեությունը,
4) սահմանել խթանող հարկային կարգավորումներ, որոնց միջոցով կապահովվի հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ հարկ վճարողների սահուն տեղափոխությունը:
5) Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում կատարել խմբագրական նշանակության որոշ փոփոխություններ և լրացումներ:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել՝ խնդրելով պարզաբանել, թե կառավարության ծրագրերի ո՛ր դրույթի հիման վրա է փաստաբանների և նոտարների համար նախատեսվում այսօրվա գործող շրջանառության հարկից անցում ընդհանուր հարկային դաշտ:
«Այս գործընթացը լինելու է շարունակական և մասնագիտական ծառայություններն աստիճանաբար տեղափոխվելու են հարկման ընդհանուր համակարգ, որովհետև շրջանառության հարկը չպետք է լինի արտոնյալ համակարգ, այլ պետք է լինի իրապես այլընտրանքային համակարգ կամ պետք է ընդհանրապես չլինի»,- ասել է Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում