Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակվի «Bug Bounty» մրցույթով. ԿԲ

3 Min Read

Մայիսի 18-ին մեկնարկել է Կենտրոնական բանկի նախաձեռնած ամենամյա կիբեռանվտանգության շաբաթը։

Կենտրոնական բանկի անմիջական հրավերով միջոցառման կազմակերպմանը մասնակցում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը,  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը և Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալությունը:

Կիբեռանվտանգության շաբաթի նպատակն է ֆինանսական համակարգի և առևտրային հատված կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը, ոլորտի մասնագետների համագործակցությունը, նորարարական լուծումների և նախաձեռնությունների փոխանակումը: Միջոցառումը նպաստելու է նաև երիտասարդ մասնագետների շրջանում գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակման խթանմանը՝ խրախուսելով կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։

Կիբեռանվտանգության շաբաթվա աշխատանքներն սկսվել են մայիսի 18-ին երկօրյա «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով՝ Armenia Marriott հյուրանոցում։ Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի շուրջ 15 մասնագետ` ինչպես Հայաստանից, այնպես և արտերկրից, հանդես եկան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով, քննարկվեցին կիբեռանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբեռհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգները և այլն։

Շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: «CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազմավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ և խորը տեխնիկական թեմաներ։

Միջոցառման 3-րդ օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի համաժողովի շրջանակում ոլորտի տարբեր առաջատար կազմակերպությունների կողմից նոր լուծումների, համակարգերի, գործիքակազմերի և պրոդուկտների ներկայացմանը։

CyberGEN համաժողովին նախատեսվում եմ այնպիսի հայտնի կազմակերպություններից խոսնակների ելույթներ, ինչպիսիք են Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Kaspersky, F5 և այլն:

ՀՀ ԿԲ-ի ՏՏ և Կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը նշում է, որ կիբեռանվտանգության մասնագետների հավաքագրումը, կրթությունը և շարունակական զարգացումը շարունակում է մնալ թվայնացման ճանապարհը բռնած ցանկացած պետության հիմնական մարտահրավերներից մեկը:

«Կիբեռ-չարագործների, հաքերների համար ֆինանսական հաստատությունները միշտ եղել և շարունակում են լինել հարձակման հիմնական թիրախներից մեկը. այնուհանդերձ, վերջին տարիներին էապես շատացել են նաև կրիտիկական ենթակառուցվածքների և փոքր ու միջին բիզնեսների վրա հարձակումները: Մի հարկի տակ բերելով ավելի պաշտպանված ֆինանսական հատվածի մասնագետներին և ոլորտի փորձագետներին ու ընկերություններին, մենք  նպատակ ունենք ստեղծել արդյունավետ միջավայր կիբեռանվտանգության նորագույն տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև սպառնալիքների և ռիսկերի կառավարման մեխանիզմների շուրջ արդյունավետ քննարկումների և գիտելիքի ձեռք բերման համար», – շեշտել է Կոմիտաս Ստեփանյանը:

Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակվի «Bug Bounty» մրցույթով, որի նպատակը և՛ երիտասարդ, և՛ փորձառու մասնագետներին խրախուսելն է, որ նրանք իրենց գիտելիքներով ու փորձով նպաստեն ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: Մրցույթի մասնակից «հաքերների» թիմերը պետք է փորձեն մուտք գործել և գտնել համակարգերի խոցելիությունները:

Լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ից 26-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Կիսվեք այս հոդվածով