Խորհրդարանում քննարկվել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններ

2 Min Read

Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ:

«Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Նախաձեռնությամբ ամրագրվում է, որ հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը կամ առևտրային կազմակերպությունները:

Հիմնական փոփոխությունները՝այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Պատգամավորները քննարկել են նաև Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի և Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենսդրական նախագծերի փաթեթը:

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում օրինականության ու արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը, հստակեցնել Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակը, գործունեության նպատակները և երաշխիքները, բարելավել պալատի գործունեության կազմակերպումը, ընդլայնել ու որոշակիացնել կառույցի մանդատը:

Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո ներկայացվել է 4 առաջարկ: Նախատեսվում է հնարավորություն տալ մասնավոր հատվածին ՀՀ-ում գործող միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորներին ներգրավվել հաշվեքննությանը: Հաջորդ փոփոխությամբ սահմանվում է, որ իրավաբանական անձանց ստուգման` Հաշվեքննիչ պալատի գործառույթը չի տարածվելու ՀՀ օրենքով անորոշ թվով հասցեատերերի համար սահմանված հարկային արտոնությունների վրա:

Սահմանվում է նաև, որ Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի պետք է կազմի և Կառավարությանը ներկայացնի առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը, նախահաշվի նախագիծը` «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով:

Կիսվեք այս հոդվածով