Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 149-Ա որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։
Հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։
Ընդ որում՝ հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի չարաշահման ինստիտուտին, որը, ի թիվս այլնի, կարող է ունենալ հետևյալ դրսևորումները․
- մրցակցության սահմանափակման նպատակներով ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների իրացում․
- ապրանքային նշանի՝ դրա նկատմամբ իրավունքի ամրագրման և դրա պաշտպանության նպատակին ոչ համապատասխան օգտագործում․
- այնպիսի ապրանքային նշանի օգտագործում, որը կարող է սպառողի մոտ հանգեցնել ապրանքի որակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ թյուր տպավորության ստեղծման՝ ապակողմնորոշման։
Հիշեցնենք, որ նշված վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Hochland» SE ընկերության կողմից արտադրված ««ФЕТАКСА» փափուկ թարմ պանիր դասական, աղաջրում» և ««ФЕТАКСА» հալած պանիր» անվանումներով ապրանքները Հայաստանում ընկերության կողմից իրացվել են «Ֆետա» ծագման տեղանվան հետ ասոցացվող փաթեթավորումներով այն դեպքում, երբ այդ ապրանքներն արտադրված չեն եղել «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։