Ավագանին չի վճարվում, հիմա էլ արգելում ենք աշխատել․ բա ո՞նց են ապրելու․ պատգամավորը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Խորհրդարանը քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ուղղված են շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը և ամրագրելու համայնքի անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը:

Տարընկալման արդյունքում ավագանու մի շարք անդամներ համատեղում են իրենց պաշտոնը հանրային պաշտոնների և հանրային ծառայության պաշտոնների հետ: Այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Իրականացված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջիկա ավագանու ընտրությունների ժամանակ, կգործի բացարձակ արգելք համայնքի ավագանու անդամների և հանրային պաշտոնների և հանրային ծառայության պաշտոնների անհամատեղելիության մասով: Արդյունքում՝ ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ»,- ասել է Կարապետյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց է ուղղել վերջինիս՝ նշելով՝ ավագանիները չեն վճարվում, իսկ հիմա նրանց արգելվելու է աշխատելը, արդյոք այդ մարդիկ չե՞ն ուղղորդվելու և նախընտրեն գնալ բիզնեսի ոլորտ:

Կարապետյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով նոր կարգավորում չի ներդրվում: Այդ արգելքը սահմանված է եղել դեռևս 2018-ից՝ կապված հանրային ծառայության և հանրային պաշտոնի հետ անհամատեղելիության հետ, իսկ ՏԻՄ-երի և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության տեսանկյունից դեռևս 2001-ից այս համատեղելիության նորմերը և պահանջները սահմանված են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով