Շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսվարողները տուգանվել են շուրջ 750 մլն դրամով

1 Min Read
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Դիջիթեյն», «Տոտո սպորտ» ՍՊԸ-ների, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ նշանակել է 310 228 000 մլն դրամի չափով և «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին հաբ բայ սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝ 430 474 000 ՀՀ դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու համար:
Հարուցված վարույթների քննության արդյունքում պարզվել է, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ կոնստրակտ» ընկերություններն իրենց պատկանող ապրանքային նշաններն օգտագործել են օրենքին հակասող ձևերով և եղանակներով, ինչպես նաև արձանագրվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով այդ ընկերությունների ապրանքային նշաններին շփոթելու աստիճանի նման ապրանքային նշանների և դրանց առանձին տարրերի, ֆիրմային անվանման օգտագործման դեպքեր:
Մասնավորապես, հովանոցային գովազդն իրականացվել է սոցիալական ցանցերի էջերում, հայտնի անձանց («ինֆլուենսերներ») կողմից արված գրառումներում, վճարային տերմինալների գովազդային վահանակների վրա, գեղարվեստական ֆիլմերում և այլ միջոցներով:
«Հարկ է նշել, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ կոնստրակտ» ընկերություններն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտման փաստը և համագործակցել Հանձնաժողովի հետ, այդ թվում՝ ներկայացնելով վարույթների համար էական նշանակություն ունեցող տվյալներ: Ընկերություններին տրվել է մեկամսյա ժամկետ՝ բացահայտված խախտումները շտկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կիսվեք այս հոդվածով