Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանը զեկուցել է, որ այս տարի արդեն իսկ իրականացվել են որոշակի միջոցառումներ, որպեսզի բնակչության շրջանում շատ չզգացվի ջրի որակական փոփոխությունը:
Ավինյանը հավելել է, որ Երևան մտնող երկու հատվածներում՝ Նոր Հաճնում և Բալահովիտում, ևս ջրի կորուստների հետ կապված խնդիրներ կան:
Մխիթար Գալստյանը տեղեկացրել է, որ Բալահովիտում սկսվել են ջրագծերի փոխարինման, վերակառուցման աշխատանքները: Ավարտից հետո որոշակի կարգավորումներ կլինեն, ուստի Բալահովիտում արդեն իսկ արդյունքներ կան:
«Նոր Հաճնում դեռ վիճակը նույն է, որևէ փոփոխություն չունենք: Ահռելի կորուստ կա: Նոր Հաճն համայնքի ցանցը քանի որ չի սպասարկվում մեր ընկերության կողմից, դեռ որևէ վերահսկողություն չենք կարողանում իրականացնել»,- ասել է Գալստյանը:
Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ Բալահովիտում և Նոր Հաճնում ջրի կորուստներն առնչվում են Երևանի հետ, քանի որ այդ ջրագծով է ջուրը գալիս մայրաքաղաք, դրանով է սնուցվում Երևանը:
«Իսկ որևէ քննարկում, որևէ լուծման տարբերակ ՏԿԵՆ-ի հետ, իրավապահ մարմինների հետ եղե՞լ է: Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում ինդուստրիալ ծավալների»,- հարցրել է Ավինյանը:
Մխիթար Գալստյանն ասել է, որ այս պահին քննարկվում է Նոր Հաճն համայնքը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին որպես վարձակալություն հանձնելու գործընթացը, բայց վերջնական լուծումներ դեռ չկան:
Ավինյանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել է խնդրի վրա՝ հաշվի առնելով, որ ջրի առաջին շահառուն Երևան քաղաքն է, և խմելու որակյալ ջրի պակասը նաև նմանատիպ խնդիրներով է պայմանավորված:
«Պետք է այս տարի միասնական և կտրուկ գործողություններով հարցը լուծել, որ արտեզյան հավելյալ ջրերի մեծ քանակի կարիք չլինի»,- ասել է Ավինյանը:
Էրեբունի մղվող ջրի մոտ 50%-ը կփոխարինվի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում