Ո՞ր ապրանքախմբերում են արձանագրվել արտահանման ծավալների ամենաբարձր աճերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Թեև վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը ենթարկվում է տարաբնույթ փորձությունների ու աղետների՝  հեղափոխությունից մինչև քովիդ ու պատերազմ, ռազմական ագրեսիաներ ու սահմանազատումներ, այնուամենայնիվ, տնտեսությունում դիտվում է հարաբերական կայունություն։ Տնտեսությունը զարգանում է գնանկման և տնտեսության աճի բավականին բարձր մակարդակների պայմաններում։ Դրա մասին են վկայում ՀՀ տնտեսությունում արձանագրված 2024թ. առաջին եռամսյակի ցուցանիշները։

Անդրադառնանք 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արտահանման ծավալների մոտ եռապատիկ աճին։ Հայաստանը փոքր տնտեսություն ունի, և արտահանման ծավալների զգալի աճեր ապահովելը եղել է ՀՀ բոլոր կառավարությունների առաջնահերթություններից մեկը։

Սակայն, պետք է նշել, որ ժամանակակից տնտեսությունում կարևոր նշանակություն ունի հատկապես բարդ ապրանքների արտահանման մասնաբաժնի ավելացումը արտահանման ընդհանուր ծավալներում։ Այս դեպքում նախ և առաջ պետք է ապահովել տնտեսության կառուցվածքի խորը փոփոխություններ։

2024թ. առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ արտահանման ծավալների զգալի աճեր են արձանագրվել հետևյալ ապրանքային խմբերում․

2024թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալների աննախադեպ աճ է արձանագրվել «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խմբում։ Այստեղ արտահանման ծավալներն աճել են 8,7, իսկ ներմուծման ծավալները՝ 7,6 անգամ։
Արժեքային արտահայտությամբ «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խմբում 2024թ. առաջին եռամսյակում արտահանման ծավալները կազմել են $3,3 մլրդ, իսկ ներմուծման ծավալները՝ $2,6 մլրդ։

Արտահանման ծավալներով երկրորդ տեղում է «կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ» ապրանքախումբը։ Վերջինիս արտահանման ծավալները 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 2,5 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 6,6%-ով։

Արտահանման ծավալների աճով երրորդ հորիզոնականում է «կաշվի հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր» ապրանքախումբը․ 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արտահանման ծավալներն աճել են 66,8%-ով՝ կազմելով $7,3 մլն։

2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արտահանման ծավալների 35,5% և 34,7% աճեր են արձանագրվել  համապատասխանաբար   «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» և «մանածագործական իրեր» ապրանքախմբերում։

«Սարքեր և ապարատներ», «բուսական ծագման արտադրանք» և «հանքահումքային արտադրանք» ապրանքային խմբերում 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. նույն եռամսյակի համեմատ արտահանման ծավալների աճը կազմել է համապատասխանաբար 24,3%, 18,7% և 9,8%։

Ներմուծման ծավալները 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. նույն եռամսյակի համեմատ մոտ 4 անգամ աճել են Ռուսաստանի պարագայում։ 2024թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալների զգալի աճեր են արձանագրվել

Բրազիլիայի`263 անգամ,
Ռումինիայի` 87 անգամ,
Հունգարիայի` 10 անգամ,
ԱՄԷ-ի` 7 անգամ,
Չինաստանի` 6 անգամ,
Պորտուգալիայի`4 անգամ,
Բուլղարիայի, Ղրղզստանի
և Բելգիայի`մոտ 3 անգամ

  • Հետաքրքիրն այն է, որ այս աճերն արձանագրվում են դրամի շարունակ արժևորման պայմաններում։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով