Քաղաքացի Արտակ Գաբոյանը մարտ ամսին Մրցակցության հանձնաժողով հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Հայաստանի շուկայում առաջատար ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունները կորպորատիվ հաճախորդներին միևնույն ծառայությունը տրամադրում են 20-40 անգամ ավելի բարձր գներով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՄՊՀ որոշումից, որով հանձնաժողովը վարույթ է հարուցել «Յուքոմ» ընկերության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ։
Հաղորդում ներկայացնող անձը նշել է, որ «Յուքոմ» ընկերությունը ֆիզիկական անձանց 20 հազար դրամով տրամադրում է 500 ՄԲ/Վ արագությամբ ինտերնետ (ներառյալ՝ թվային հեռուստատեսություն, բջջային ինտերնետ և ֆիքսված հեռախոսակապ), իսկ կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է 70 ՄԲ/Վ ինտերնետ՝ 40 հազար դրամից դիմաց։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերությունից պահանջել և ստացել է հետևյալ բացատրությունը․
- Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին և կորպորատիվ բաժանորդներին առաջարկվող սակագնային պլանները տարբերվում են, ինչի համար հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներն ու առանձնահատկությունները,
- Հաշվի առնելով կորպորատիվ բաժանորդներին մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները’ գնագոյացման վրա ազդում են հետևյալ գործոնները.1. Կորպորատիվ բաժանորդներին մատուցվող ծառայությունների կապիտալատարությունը’ ներառյալ բարձր հզորությամբ օպտիկամանրաթելային մալուխները, առաջադեմ սարքավորումները և կայուն անվտանգության միջոցները, տեխնիկական և տեխնոլոգիական առանձնահատկությունները, ինչպիսիք են հատուկ թողունակության բաշխումը, ծառայության որակի երաշխիքները (QoS),
2. Յուրաքանչյուր կորպորատիվ բաժանորդին կցված են կոնկրետ աշխատակիցներ, ովքեր իրականացնում են տվյալ բաժանորդի սպասարկումը, ինչպես նաև մշտապես զինվում են ժամանակակից սարքավորումներով և արդի ծրագրային լուծումներով:
3. Ի տարբերություն ֆիզիկական անձանց, ում կողմից ծառայությունների օգտագործումը հիմնականում սահմանափակվում է քիչ տրաֆիկատար գործողություններով, կորպորատիվ բաժանորդները պահանջում են ավելի մեծ թողունակություն ինտենսիվ առաջադրանքների համար:
Այսպիսով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անհրաժեշտություն է տեսել գնահատել ընկերության կողմից կորպորատիվ և ֆիզիկական հաճախորդներին մատուցվող ծառայությունների արժեքների միջև եղած տարբերությունների հիմնավորվածությունը ու վարույթ հարուցել տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար։
Անժելա Պողոսյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում