ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը նախորդ տարի նոր մեքենա է գնել։ 2021 թվականին թողարկված VOLVO մակնիշի մեքենան պատգամավորը գնել է 18 մլն դրամով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից, որտեղ տեղադրված է պատգամավորի 2023 թվականի հայտարարագիրը։
Հակոբյանը 7 անշարժ գույք է հայտարարագրել․ 2 առանձնատուն Ձորաղբյուրում՝ միանձնյա սեփականությամբ, 2 բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, մեկը՝ համատեղ սեփականության, մյուսը՝ բաժնային, և միանձնյա սեփականության 3 հողամաս, մեկը՝ Ձորաղբյուրում, երկուսը՝ Երևանի Ավան վարչական շրջանում։
Հրաչյա Հակոբյանը բանկային հաշվի վրա ունի 11 հազար 600 դոլար, շուրջ 3 մլն 250 հազար դրամ և 2 հազար եվրո։ Նրա բանկային հաշվին եղած դրամը տարեսկզբին եղել է 8,5 մլն դրամ, որից, սակայն, տարեվերջին մնացել է 3,2 մլն դրամ։
Տարվա ընթացքում նա ԱԺ աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել է 9 մլն 834 հազար դրամ։ Բացի այդ նա ևս 3 աղբյուրից եկամուտ է ունեցել․ Արթուր Դանիելյանից և Նարեկ Սամսոնյանից ստացել է 616 հազարական դրամ, իսկ Մարինա Խաչատրյանից ՝ 208 հազար դրամ։ Տարեվերջի դրությամբ նա 26 մլն դրամ վարկ ունի։ Տարվա ընթացքում շուրջ 15․8 մլն դրամ ուղղել է վարկի մարմանը։
Պատգամավորը Բ26 ՍՊԸ-ի սեփականատերն է։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում