Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստեղծվել է սեղմ ժամկետներում՝ Եվրոպայի պատմության բեկումնային պահին ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։
Ի սկզբանե, Բանկի ամենակարևոր տարբերակիչ առանձնահատկություններից մեկը միշտ եղել է արագ ու վճռական արձագանքելու ունակությունը շրջադարձային իրադարձություններին` լինի դա Խորհրդային Միության փլուզումը, ֆինանսական ճգնաժամերը, «արաբական գարունը», կորոնավիրուսային համաճարակը կամ պատերազմը Ուկրաինայի դեմ:
1990-ականների սկզբին` բուռն շրջանում, բազմիցս ապացուցվել է Բանկի կողմնորոշումը դեպի մասնավոր հատված՝ որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում վերափոխումների հիմնական շարժիչ ուժ։ Բանկը ակտիվորեն մասնակցել է այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են բանկային համակարգերի բարեփոխումը, գների ազատականացումը, մասնավորեցումը (օրինականացումը և քաղաքական երկխոսությունը) և գույքային իրավունքների վերաբերյալ պատշաճ կարգավորող դաշտի ձևավորումը:
Ներկայումս բանկն ակտիվ գործունեություն է ծավալում շուրջ 40 երկրում։
ՎԶԵԲ նախագահի հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը
ՎԶԵԲ-ը վերլուծում և կանխատեսումներ է իրականացնում համաշխարհային տնտեսության և, հատկապես, Բանկի հետ համագործակցող երկրների մասով։
2024թ. մայիսին հրապարակված զեկույցի համաձայն՝ ՎԶԵԲ-ում սպասում են, որ տվյալ տարածաշրջաններում, ընդհանուր առմամբ, 2024թ. տնտեսական աճը հաստատվելու է 3% մակարդակում՝ 2023թ. համեմատ ապահովելով 0,5 տոկոսային կետով աճ։
2024թ. կանխատեսվող տնտեսական աճով առավելագույն և նվազագույն մակարդակ արձանագրած երկրներին կարելի է ծանոթանալ ՎԶԵԲ-ի հրապարակված զեկույցից․
Համաձայն կանխատեսումների՝ Կենտրոնական Ասիայում 2024թ. տնտեսական աճով առաջատար է լինելու Ղրղզստանը՝ իրական ՀՆԱ-ի 8,5% աճով, իսկ նվազագույն աճ դիտվելու է Ղազախստանում՝ 4,5%։
Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում 2024թ. բարձր տնտեսական աճ է կանխատեսվում Լեհաստանում և Խորվաթիայում՝ 2,9%, և ՀՆԱ-ի նվազագույն աճ Էստոնիայում՝ 0,8%։
Արևելյան Եվրոպայում և Կովկասում առաջատար է լինելու Հայաստանը. կանխատեսումների համաձայն 2024թ. տնտեսական աճը կազմելու է 6,2%: Իսկ նվազագույն մակարդակ դիտվելու է Ուկրաինայում՝ 3%։
Նկատում ենք Թուրքիայի տնտեսության էական կրճատման կանխատեսումներ, երբ 2023թ. արձանագրված 4,5% աճից հետո 2024թ. կանխատեսվում է տնտեսական աճ 2,7% մակարդակում։
Հավելենք, որ, ընդհանուր առմամբ, Կովկասում 2024թ.կանխատեսվել է 4,1% աճ՝ 2023թ. արձանագրված 3,8% աճի փոխարեն։
- Ամփոփելով` հավելենք, որ Հայաստանի մասով գնահատվում է տնտեսությունում արձանագրված աճերը, սակայն տնտեսական հեռանկարների մասով առկա ռիսկերը հիմնականում կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ։
*** Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է 1991 թվականին՝ նպաստելու շուկայական տնտեսությունների կայացմանը և խթանելու մասնավոր հատվածի զարգացումը:
ՎԶԵԲ-ի բաժնետեր են հանդիսանում 72 անդամ երկրներ, ինչպես նաև Եվրոպական միությունը և Եվրոպական ներդրումային բանկը: Աջակցելով ավելի քան 40 տնտեսությունների երեք մայրցամաքներում՝ ՎԶԵԲ-ն ակտիվորեն նպաստում է իր անդամ պետությունների տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային ինտեգրմանը և համագործակցությանը:
Հայաստանի Հանրապետությունը ՎԶԵԲ-ին անդամակցում է 1992 թվականի դեկտեմբերի 7-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում