ՎԶԵԲ-ը շարունակում է վարկավորել ՀՀ տնտեսությունը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

2024թ-ի մայիսի 14-ից 16-ը Երևանում ակցկացվեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումն ու գործարար համաժողովը, որը կրում էր «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը:

 ՎԶԵԲ-ը հիմնադրվել է «սառը պատերազմի» ավարտից հետո Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում նոր դարաշրջան բացելու նպատակով: Նա այս գործընթացում պատմական դեր է խաղացել և եզակի փորձ է կուտակել`տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս վերափոխումները խթանելու գործում՝ €170 մլրդ ներդնելով 6800 նախագծերում:

Ըստ պաշտոնական տվյալների`Երևանում կայացած միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ, բիզնես առաջնորդներ և ֆինանսական ոլորտի փորձագետներ:

Ինչևէ, նշենք, որ ՎԶԵԲ-ը այլ ֆինանսական կառույցների հետ միասին մեծածավալ վարկեր է տրամադրում Հայաստանին։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ վարկային և փոխառության պայմանագրերով ձևավորված ՀՀ արտաքին պետական պարտքը 2023-ին կազմել է$5,1 մլրդ։

Այս ծավալներում մոտ 75% մասնաբաժին ($3,8 մլրդ) ունեն բազմակողմանի վարկային ծրագրերը, որոնց ծավալների կառուցվածքը հետևյալն է․

Նկատենք, որ 2023թ.-ին 2022թ. համեմատ բազմակողմանի վարկային ծրագրերի ծավալներն աճել են 1,3%-ով։ Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկերի ծավալների մասնաբաժինը բազմակողմանի վարկային ծրագրերի ծավալներում կազմել է մոտ 45%։ Սրանում 48% մասնաբաժին ունի Զարգացման միջազգային ընկերակցությունը և 52% մասնաբաժին՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ)։

Համաշխարհային բանկի տրամադրած վարկերի ծավալները 2023թ.-ին 2022թ. համեմատ աճել է 3,5%-ով։

Երկրորդ հորիզոնականում է Ասիական զարգացման բանկը մոտ 22% մասնաբաժնով։ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկերի ծավալները 2023թ-ին 2022թ. համեմատ աճել  են 0,02%-ով։

Մոտ 10% մասնաբաժին ունի Արժույթի միջազգային հիմնադրամը։ Վերջինիս մասով 2023թ-ին 2022թ. համեմատ նկատվել է վարկերի ծավալների նվազում 19%-ով։ Նկատենք, որ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկերի ծավալների մասնաբաժինը բազմակողմանի վարկային ծրագրերի ծավալներում կազմել է 1,1%։ Այս ծավալները 2023թ-ին 2022թ. համեմատ աճել են 68,7%-ով։

2023թ-ին 2022թ. համեմատ մոտ 125%-ով աճել են Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազ­գային զարգացման  հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկերի ծավալները։ Վերջինսիս մասնաբաժինը բազմակողմանի վարկային ծրագրերի ծավալներում կազմել է 2,4%։


*** Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է 1991 թվականին՝ նպաստելու շուկայական տնտեսությունների կայացմանը և խթանելու մասնավոր հատվածի զարգացումը:

ՎԶԵԲ-ի բաժնետեր են հանդիսանում 72 անդամ երկրներ, ինչպես նաև Եվրոպական միությունը և Եվրոպական ներդրումային բանկը: Աջակցելով ավելի քան 40 տնտեսությունների երեք մայրցամաքներում՝ ՎԶԵԲ-ն ակտիվորեն նպաստում է իր անդամ պետությունների տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային ինտեգրմանը և համագործակցությանը:

Հայաստանի Հանրապետությունը ՎԶԵԲ-ին անդամակցում է 1992 թվականի դեկտեմբերի 7-ից:

TAGGED:
Share This Article