Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներից է. Խաչատուրյան

7 Min Read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված Հայաստանի ներդրումային հեռանկարներ խորագիրը կրող նիստին: 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել միջոցառման բացման ելույթով.

«Նախևառաջ շնորհավորում եմ բոլորիս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպման կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ: Սա բացառիկ և ինչու ոչ նաև պատմական իրադարձություն է. մեր երկիրը հյուրընկալում է նման հեղինակավոր ֆինանսական կառույցի տարեկան հանդիպումը, որն ի դեպ առաջինն է մեզ համար, բայց վստահաբար ոչ վերջինը:

ՎԶԵԲ տարեկան հանդիպման անցկացումը մեր երկրում համարում ենք հարգանքի և վստահության վառ դրսևորում: Համոզված ենք, որ պատվով ավարտին կհասցնենք այս առաքելությունը և հուսով ենք նոր նշաձող սահմանել տարեկան հանդիպումների կազմակերպման գործընթացում:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակը, հիրավի, ընդարձակ է: Բանկը Հայաստանում խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներից է, Հայաստանի համար առանցքային գործընկեր:

Այսօր, երբ ետ եմ դառնում, հպարտ եմ մեր ընդհանուր ձեռքբերումների, տարբեր ոլորտներում համատեղ ջանքերի հաջողությունների և, առաջին հերթին, աճող փոխըմբռնման համար: Բանկը մասնակցել է Հայաստանում 200-ից ավելի ծրագրերի ֆինանսավորմանը: Հայաստանի պորտֆելի 80%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, ինչը տպավորիչ ցուցանիշ է:

Ուրախ եմ արձանագրել, որ այս տարիների ընթացքում կենսական ուղղություններով նշանակալի արդյունքներ են արձանագրվել:

Արդյունավետ համագործակցության երկարամյա տարիների ընթացքում ձեռնարկվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք նպաստել են նաև Հայաստանի տնտեսության ակտիվացմանն ու զարգացմանը: Խիստ կարևորում ենք կառույցի աջակցությունը ՓՄՁ զարգացման, ֆինանսական հասանելիության ապահովման, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

ՎԶԵԲ-ն իր մեծ ներդրումն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման գործում: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ կամրապնդվի, և ֆինանսական հատվածի զարգացման և ֆինանսների հասանելիության բարելավման բանկի ռազմավարական ծրագրերը միայն կընդլայնվեն:

Մեկ այլ բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներդրումային հեռանկարների այս նիստը, որը միտված է բացահայտելու մեր երկրի ներուժը և այն ավելացված արժեքը, որը Հայաստանը կարող է բերել մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ այն դարձնելով էլ ավելի գրավիչ արտաքին աշխարհի և ներդրողների համար: Ձեր ուշադրությանը կներկայացնեմ Հայաստանի տնտեսության առանցքային զարգացումները և մեր առաջընթացի մեգաուղղությունները, ինչից հետո իմ գործընկերներն ասվածը կհարստացնեն համապատասխան շնորհանդեսներով և զեկույցներով:

Եթե խոսենք Հայաստանի տնտեսության զարգացումներից, ապա կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգացման մեծ թափ է հավաքել՝ գրանցելով բարձր՝ միջինում 9% աճ: Եվ չնայած Հայաստանի կառավարության ջանքերին՝ զուգահեռ օբյեկտիվորեն արտաքին գործոններն էլ են դրական ազդեցություն ունեցել, մասնագետների շրջանում հստակ կոնսենսուս կա, որ մեր տնտեսական աճի ներուժը բարձրացել է:

Դրան մեծ նպաստ են բերում Հայաստանի կառավարության հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են լավարկելու տնտեսության բարդությունը և խթանելու մեծ ավելացված արժեք ստեղծող ներքին և օտարերկրյա ներդրումներով աշխատող արտադրությունները: Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների աննախադեպ ցնցումների պայմաններում ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի մակրոտնտեսական կայունության ապահովման ջանքերը, որը ցանկացած երկրում ներդրում կատարելու գրավչության կարևոր հենասյուներից է, և որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել բարձր աճի տեմպերն ու գրանցել ցածր գնաճ, ինչը բացառիկ արդյունք է աշխարհի մասշտաբով:

Ինչ վերաբերում է զարգացման մեգաուղղություններին, ապա ինչպես հուշում է այս նիստի խորագիրն, այն ընդհանուր առմամբ կլինի գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածության: Հայաստանը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից մեծ թափով կառուցվող և արդիականացվող իր ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի՝ առևտրային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացմանը։

Մենք փորձում ենք տեղորոշվել աշխարհի տնտեսական քարտեզի վրա հիմնովին նոր գիտելիքահենք միջավայրի ձևավորման շնորհիվ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա: Որպես դրա վառ վկայություն՝ Հայաստանի կառավարությունն արդիականացնում է կրթական ենթակառուցվածքները դպրոցների և մանկապարտեզների լայնածավալ շինարարությամբ և բարեփոխում կրթական համակարգի բոլոր օղակները:

Մեկնարկել ենք նաև բեկումնային նոր՝ Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնելու բարձրագույն կրթության որակը և ձևավորելու հետազոտությունների ու մշակումների (R&D) զարգացած էկոհամակարգ:

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը նորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ: Ոլորտի լավագույն ավանդույթներն այս ժամանակաշրջանում վերաճել են մի միջավայրի, որտեղ համատեղ գործում են մի կողմից այնպիսի համաշխարհային տեխնոլոգիական խաղացողներ, ինչպիսիք են Nvidia-ն, Synopsis-ը, Siemens-ը, AMD-ը, Adobe-ը, DLink-ը և այլք, իսկ մյուս կողմից՝ այստեղ ծնունդ առած այնպիսի հաջողակ ստարտափերն, ինչպիսիք են Picsart-ը, Service Titan-ը, YerevaNN-ը և այլոք:

Հավատացած ենք, որ տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման և համագործակցության ուղղությամբ, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերն, էներգետիկ համակարգերը և հեռահաղորդակցությունը:

Լինելով Արևմուտքի, Արևելքի, Հյուսիսի և Հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական տարածաշրջանում, մենք նաև կարևորում ենք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը:

Այս համատեքստում կարևորում ենք Ադրբեջանի հետ ներկա սահմանազատման գործընթացը: Մենք նաև գտնում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լուրջ համախմբող և ինտեգրող գործոն հանդիսանալ տարածաշրջանի երկրների միջև:

Միայն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ, բոլոր կողմերի կենսական շահերի համադրմամբ մենք պատմական հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ:

Այս համատեքստում կցանկանայի նշել, որ մենք մեկնարկել ենք «Խաղաղության խաչմերուկի» ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է վերականգնելու համագործակցությունը տարածաշրջանում և ենթակառուցվածքներն ապաշրջափակելու միջոցով ակտիվացնելու տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը բոլոր երկրների միջև։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն այս նախաձեռնության կարևոր մասն է, և որում մեծ դեր ունի նաև ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Խորհրդանշական է, որ մենք այսօր այս նիստին ամրագրելու ենք այդ համագործակցությունը համապատասխան վարկային համաձայնագրի կնքման միջոցով:

Այս ամենին մեծ թափ կարող է հաղորդել միայն արդար հասարակության ձևավորումը և այդ արժեքների տարածումը մեր տարածաշրջանում: Վերջին տարիներին Հայաստանի առաջնահերթություններից է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումն, արդարադատության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

Մեծ թափով ձեռնամուխ ենք եղել արդարադատության լայնածավալ բարեփոխումներ անելու գործին՝ համատարած վերափոխելով դատական համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարի իսնտիտուցիոնալ համակարգը: Դրանց շնորհիվ արդեն իսկ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցուցիչներում (Freedom House, Human Rights Watch, Economist Intelligence Unit, Gallup և այլն) Հայաստանն առաջընթաց է գրանցել օրենքի գերակայության և ժողովրդավարության մասով:

Նշված բոլոր ուղղությունները ճանապարհ են հարթում դեպի այնպիսի առաջադեմ միջավայր, որտեղ խաղաղ և բարգավաճող Հայաստանն ու Հարավային Կովկասն իրենց մեծ նպաստը կբերեն աշխարհի տնտեսական զարգացումներին, բնակչության բարեկեցության բարձրացմանը և գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը»:

Կիսվեք այս հոդվածով