ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո կազմակերպված Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին (Multi-Stakeholder Forum on Science, Technology and Innovation for the Sustainable Development Goals (STI Forum))։
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող երկիր, կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը կայուն զարգացման համար՝ նպատակ ունենալով դառնալ տեխնոլոգիական և ինովացիոն տարածաշրջանային կենտրոն:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում միջազգային համագործակցությունը և համերաշխությունը կարող են խթանել Կայուն զարգացման նպատակների իրագործումը՝ նոր հնարավորություններ ստեղծելով 2030 թվականի օրակարգի ավելի արդյունավետ և ճկուն առաջխաղացման համար:
Երկօրյա այցի շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է նաև «Գիտական, տեխնոլոգիական և նորարարական լուծումների դերը՝ որպես կայուն զարգացման նպատակների իրականացման միջոց» խորագրով հարակից միջոցառմանը, որտեղ ներկայացրել է այդ ոլորտում Հայաստանում տեղ գտած զարգացումները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության տեսլականին՝ համաշխարհային տեխնոլոգիական լանդշաֆտում Հայաստանը տեսնել որպես առաջատար խաղացող:
Միջոցառման շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի հետ, ներկայացրել ՀՀ ԲՏԱ նախարարության գործունեությունը, քննարկել երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում