Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստվում է մոտ 500 մլն եվրո ներդնել Հայաստանում

2 Min Read
Այս տարի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստվում է մոտ 500 մլն եվրո ներդնել Հայաստանում:
Այս մասին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում Երևանում անցկացված ՀՀ ներդրումային հնարավորությունների նստաշրջանի ժամանակ հայտարարել Է բանկի նախագահ Օդիլ Ռենո–Բասսոն:
Նրա խոսքով՝ այդ գումարի մեջ է մտնում այսօր ստորագրված 236 մլն եվրո վարկը, որը նախատեսված է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար: Նա ընդգծել է, որ սա ՀՀ պատմության մեջ բանկի ամենախոշոր համաձայնագիրն է։
ՎԶԵԲ-ը նաև պատրաստվում է ՀՀ կառավարությանն առաջարկել նոր նախագծեր` ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորման, այդ թվում՝ նրանց փոքր բիզնեսի զարգացման համար:
Բանկը մտադիր է նաև տարեկան ժողովի շրջանակներում վարկային գծերի վերաբերյալ 8 համաձայնագիր ստորագրել ՀՀ մասնավոր հատվածի հետ, որոնցից մեկը բանկերից մեկի հետ ստորագրվել է նախօրեին:
ՎԶԵԲ-ը մտադիր է հետագայում ևս աջակցել ՀՀ ֆինանսական հատվածին, այդ թվում՝ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով: Նախատեսվում է ակտիվացնել նաև խորհրդատվական աջակցությունը ՀՀ կառավարությանն առընթեր ներդրումային խորհրդին։
Ռենո-Բասսոն նաև հիշեցրել է, որ Երևանն առաջիններից էր, որ միացավ ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախագծին, որտեղ ներդրումներ են իրականացվում CO2 արտանետումները նվազեցնող նախագծերում:
Դրանցից մեկը Երևանի քաղաքապետարանի վարկն էր՝ հեղուկ գազով ավտոբուսներ գնելու համար։ Այս նախագծից դուրս ՎԶԵԲ-ը նաև վարկավորել է Սևանի ափին մոտ գտնվող «Մասրիկ-1» խոշոր արևային կայանի կառուցումը:
Ընդհանուր առմամբ ՎԶԵԲ ներդրումների ընդհանուր ծավալը ՀՀ-ում կազմել Է ավելի քան 2.1 մլրդ եվրո:

Կիսվեք այս հոդվածով