Մայիսի 15-ը միջազգային օրացույցում նշվում է որպես Ընտանիքի համաշխարհային օր։ Տոնի միջոցով փորձ է արվում վերհանել այն խնդիրները, որոնց բախվում են ընտանիքները՝ սոցիալականից մինչև ամուսնական զույգերի ներանձնային խնդիրներ։
Ուսումնասիրենք ՀՀ-ում ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ. առաջին եռամսյակում հանրապետությունում 1000 մարդու հաշվով արձանագրվել ամուսնությունների 5,2 դեպք, իսկ 2023թ. նույն եռամսյակում՝ 5,6 դեպք։
Մյուս կողմից 2024թ. առաջին եռամսյակում 1000 մարդու հաշվով արձանագրված ամուսնալուծությունները կազմել են 1,5 դեպք։ Վերջինս, սակայն 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ փոփոխության չի ենթարկվել։
Դիտարկենք իրավիճակը մարզերում 2024թ. առաջին եռամսյակում․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Երևանում 2024թ. առաջին եռամսյակում 1000 մարդու հաշվով ամուսնությունների 4 դեպք է արձանագրվել, իսկ ամուսնալուծությունների պարագայում՝ 1,8 դեպք։ Երևանում 2023թ. առաջին եռամսյակի համեմատ ամուսնությունների արձանագրված դեպքերի թիվը նվազել է, իսկ արձանագրված ամուսնալուծությունների դեպքերի թիվը մի փոքր աճել է։
Մարզերում 2024թ. առաջին եռամսյակում 1000 մարդու հաշվով արձանագրված ամուսնությունների դեպքերի առավելագույն մակարդակը՝ 8,5 դեպք, դիտվել է Վայոց ձորի մարզում, իսկ ամենացածր մակարդակը՝ Լոռիում և Արմավիրում՝ 4,8 դեպք։
2024թ. առաջին եռամսյակում 1000 մարդու հաշվով արձանագրված ամուսնալուծությունների դեպքերի առավելագույն մակարդակը դիտվել է կրկին Վայոց ձորում՝ 2,1 դեպք, իսկ ամեանցածր մակարդակը՝ Գեղարքունիքում՝ 0,8 դեպք։
- Ամփոփելով նշենք , որ ամուսնությունների և ամուսնալուծությունների ցուցանիշները ընդհանուր պատկերացում են տալիս Հայաստանում ընտանիքներ ձևավորելու գործընթացի մասին։ Երևում են տարբեր մարդկանց տրամադրվածությունները ընտանիք կազմելու տեսանկյունից։ Անշուշտ, այդ տրամադրություններն իրենց հերթին կապված են բազմաթիվ սոցիալ-տնտեսական և ներկայումս նույնիսկ անվտանգային հարցերի հետ։