ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ և աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք» թիվ 259 բանաձևը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ նախագծով նախատեսվում է սահմանափակ և աստիճանական ընդլայնում դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք, մասնավորապես, Ենթասահարական Աֆրիկա ասելով՝ նկատի են առնված Կոտ դ՚Իվուարը, Բենինը, Գանան, Քենիան, Նիգերիան և Սենեգալը:
Բանաձևը բանկի կառավարիչների խորհրդի կողմից ընդունվել է 2023 թվականի մայիսի 18-ին: Այն ենթադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում մի քանի երկրներ:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագծով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում