ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության 2-րդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ:
Ծրագրի մասով համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստին ներկայացրել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
Ըստ փոխքաղաքապետի՝ ծրագրով նախատեսվում է 38 հանրային շինություններում (6 պոլիկլինիկա, 32 մանկապարտեզ) իրականացնել սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ:
«Եվրոպական նեդրումային բանկի կողմից գնահատված ծրագրի ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է: ՀՀ-ն մտադիր է ֆինանսավորել հետևյալ աղբյուրներից. Երևանի քաղաքապետարանը համաֆինանսավորելու է 2 մլն եվրո, բանկի կողմից տրամադրվելու է վարկ 25 մլն եվրոյի չափով, և հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը կազմելու է 10.1 մլն եվրո»,- ասել է նա:
Վարկի ժամկետը 22 տարի է, որից 5 տարին արտոնյալ ժամկետ է, այն է՝ մայր գումարի մարում չի իրականացվում, միայն տոկոսի մարում է նախատեսվում: Վարկը եվրոյով է, լողացող է, դրույքը կախված է եվրիբորից, և դրան գումարվում է որոշակի ֆիքսված տոկոսադրույք:
«Ծրագի շրջանակներում աշխատանքների իրականացումը և շինությունների շահագործման հանձնումը պետք է լինի վարկային համաձայնագրի ստորագրումից հետո՝ 4 տարիների ընթացքում: Վարկի մասհանումների ժամկետը վարկային համաձայնագրի ստորագրումից հետո 3 տարի է»,- ասել է նա:
Ըստ Լևոն Հովհաննիսյանի, Եվրոպական ներդրումային բանկի հետ Երևանի քաղաքապետարանը հաջող իրականացրել է նաև առաջին ծրագիրը, որը ներառում էր 15 մանկապարտեզի սեյսմիկ ամրացում, վերակառուցում:
«Առաջին ծրագիրն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանն է մարում՝ սկսած մայր գումարից, վերջացրած տոկոսադրույքներով, իսկ երկրորդ ծրագրի 25 միլիոն վարկային մասը ՀՀ կառավարությունն է մարելու»,- ասել է նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ այս ծրագրից հետո մոտ 35 մանկապարտեզներ կարիք են ունենալու հիմնանորոգման, իսկ որոշ դեպքերում՝ վերանորոգման:
«Այդ 35 մանկապարտեզից հետո ունենք նոր կառուցվող 4 մանկապարտեզ: Կարելի է ասել՝ մանկապարտեզների հետ կապված բոլոր խնդիրները կարող ենք համարել սպառված՝ հիմնանորոգման, սեյսմիկ անվտանգության, էներգաարդյունավետության»,- ասել է Ավինյանը:
Նախագծն ընդունվել է 35 կողմ, 12 դեմ, 5 ձեռնպահ ձայներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում