ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ահա և սկսվում է նոր ուսումնական տարին: Սեպտեմբերի մեկը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի և դպրության օր: Հայերն իրենց հազարամյա պատմության ընթացքում կարևոր տեղ են հատկացրել կրթությանը և արել են ամեն հնարավորը, որպեսզի երեխաները կարողանան ստանալ բարձրորակ կրթություն:

Ներկայումս կրթական համակարգը ևս ենթարկվում է փոփոխությունների՝ նոր ժամանակներին համապատասխան: Կրթական գործընթացը շատ բարդ է և այն պետք  է հնարավորինս լավ կազմակերպվի: Կարևոր է հատկապես հանրակրթական դպրոցների համապատասխանությունը կրթական հաստատություններին ներկայացվող բոլոր չափանիշներին: Առաջին հերթին խոսքը վերաբերում է շենքային պայմաններին.

Գծապատկեր 1. Հանրապետության հանրակրթական դպրոցների շենքերի վիճակը 2021/2022 ուս. տարվա դրությամբ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում առկա է 1,402 հնարակրթական դպրոց:  Պարզվում է՝ 2021/2022 ուս. տարվա դրությամբ հանրակրթական դպրոցների միայն 40%-ն է գտնվում բավարար վիճակում: Դպրոցների 33%-ը կարիք ունի հիմնանորոգման, իսկ 27%-ը՝ ընթացիկ նորոգման:

Հետաքրքիր է հասկանալ՝ արդյոք դպրոցներն առհասարակ պատրաստ են դիմավորելու աշակերտներին և ուսուցիչներին․

Գծապատկեր 2. Հանրապետության հանրակրթական դպրոցներում ջեռուցման, ֆիքսված հեռախոսակապի, գազամատակարարման, կոյուղացման, տաք ջրամատակարարման և ջրամատակարարման առկայությունը 2021/2022 ուս. տարվա դրությամբ

Հայաստանյան դպրոցների 5%-ում առկա չէ ջրամատակարարում։ Հատկապես խնդիր է տաք ջրամատակարարումը․ մեր դպրոցների 82%-ը չունի տաք ջրամատակարարում։ Պատկերացնում եք՝ 21-րդ դարում Հայաստանում կան դպրոցներ՝ 10%-ը, որոնք չունեն կոյուղացում։
Գազամատակարարում չկա հայաստանյան դպրոցների 30%-ում:  Դպրոցների 33%-ում չկա ֆիքսված հեռախոսակապ:
Իսկ ջեռուցման առումով պատկերն ավելի լավ է: Ջեռուցում չունի դպրոցների միայն 1%-ը։

Վերը նշված ցուցանիշները վկայում են այն մասին, որ երեխաների դասապրոցեսն այս տեսակետից վտանգված է ՀՀ տարբեր դպրոցներում:

Կիսվեք այս հոդվածով