Վրաստան գնալու համար հունիսի 1-ից ապահովագրություն պետք կլինի․ ի՞նչ արժե 1 օրվա ապահովագրությունը Հայաստանում

2 Min Read

Զբոսաշրջիկների համար Վրաստան մուտքի կանոնները կփոխվեն 2024 թվականի հունիսի 1-ից։ Այժմ Վրաստան մուտք գործելու համար  անհրաժեշտ է բժշկական ապահովագրություն ձեր գտնվելու ողջ ժամանակահատվածի համար: Նվազագույն ապահովագրական փաթեթը պետք է ներառի.

– 5000 դոլար/եվրո – շտապ ամբուլատոր ծառայություններ

– 30,000 դոլար/եվրո – հիվանդանոցային ծառայություններ

Ապահովագրությունը կարող է տրամադրվել երեք լեզուներից ցանկացածով՝ ռուսերեն, անգլերեն կամ վրացերեն: Օրենքի համաձայն, եթե ապահովագրություն չկա, տուգանքները տատանվում են 300-ից 900 լարիի սահմաններում (45 հազարից 140 հազար դրամ)։

Banksnews.am-ի հետ զրույցում «Նաիրի Ինշուրանս»-ից տեղեկացրին, որ ընկերության առաջարկած փաթեթով դեպի Վրաստան ճամփորդական ապահովագրության 1 օրվա արժեքը կկազմի 300 դրամ։

«Եթե 1-15 օր են մեկնում, ապահովագրության 1 օրվա վճարը կազմում է 300 դրամ։ Ինչքան օրերի քանակն ավելանում է, այնքան վճարը  պակասում է։ Օրինակ՝ 91+ օրերի դեպքում՝ 1 օրն արժե 150 դրամ։ Եթե 1 օրով է մեկնում, պետք է վճարել ոչ թե 300 դրամ, այլ 500 դրամ, որովհետև 1 պայմանագրի գծով նվազագույն բազային ապահովագրավճարը չի կարող 500 դրամից պակաս լինել»,- նշեցին ընկերությունից։

Վրաստան մեկնողների աջակցության ապահովագրությունը հատուցում է Վրաստանում գտնվելու ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը:

Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել պայմանագրի կնքման պահին մինչև 85 տարեկան (ներառյալ) ֆիզիկական անձինք:

Վրաստան մեկնողների աջակցության ապահովագրության շրջանակներում հատուցման ենթակա են հետևյալ ծախսերը՝

–  անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,

–  ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,

–  հայրենադարձության հետ կապված ծախսերը,
–  ծախսեր, որոնք իրականացվել են ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս:

Կախված ապահովագրվող անձի տարիքից՝ վերոնշյալ բազային ապահովագրավճարը կարող է փոխվել։ Սա առնչվում է 65-ից 85 տարեկան քաղաքացիներին։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Նրա խոսքով՝ օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ:

Կիսվեք այս հոդվածով