Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) 5/45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3.65 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու լանդշաֆտների կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը։
Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքը, մեղմել անտառների մասնատվածությունը, բարձրացնել ծառածածկույթի խտությունն ու բարելավել անտեսված և լքված ջրաճահճային տարածքների կառավարումը: Ի լրումն վերոնշյալ նպատակներին, ծրագիրը կխթանի կայուն տնտեսական գործունեությունը և էկոլոգիապես կայուն աշխատատեղերի ստեղծումը ընտրված գյուղական համայնքներում:
Նոր և վերականգնված անտառներն ու ջրաճահճային տարածքները կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կբարձրացնեն երկրի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:
«Հայաստանի գեղեցիկ բնությունը, լանդշաֆտները երկրի ամենամեծ արժեքներից են։ Այս ռեսուրսը վտանգված է տեխնածին անտառահատումների և լանդշաֆտի դեգրադացիայի պատճառով, ինչը պայմանավորված է համայնքների կողմից ոչ այդքան բնակենտրոն գործելակերպով և թույլ բնապահպանական վերահսկողությամբ: RESILAND ծրագիրը հասցեագրում է անտառների դեգրադացման խնդիրը՝ այլընտրանքային կենսամիջոցներով ապահովելով համայնքներին և ուժեղացնելով վերահսկողության մեխանիզմները՝ քաղաքականության շրջանակի բարելավման միջոցով», – նշում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Հայաստանը՝ հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, որը բախվում է եզակի մարտահրավերի, քանի որ այն անտառներով աղքատ երկիր է, տարածքի միայն 11.2 տոկոսն է ծածկված անտառներով:
Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ Հայաստանի անտառտնտեսության ոլորտը ներուժ ունի նպաստելու երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանը անտառների և լանդշաֆտների վերականգնման ջանքերով: Գոյություն ունեցող և նոր անտառների վերականգնումը, ջրաճահճային տարածքների պահպանումը և պահպանվող տարածքների ստեղծումը նույնպես նպաստում են բնական արժեքների և էկոհամակարգի ծառայությունների բարելավմանը:
Ըստ առաջարկվող հաշվարկների, անտառի յուրաքանչյուր հեկտար տարեկան մի շարք էկոհամակարգային ծառայություններից միջինը կապահովի 417 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք (կամ տարեկան 138 մլն ԱՄՆ դոլար):
«RESILAND Հայաստան» ծրագիրը հանդիսանում է Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության համատեղ ջանքերի բաղկացուցիչ մասը՝ աջակցելու երկրի կայուն զարգացման նպատակներին և կանաչ տնտեսական անցմանը:
Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը, որը ներկայումս մշակվում է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարության հետ համատեղ, ինչպես նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» պլատֆորմը և Հայաստանի «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը» համատեղ ջանքերի արդյունք են, որոնք նպաստում են երկրի կանաչի անցմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև կլիմայի հարմարվողականության խթանմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում