ԱՄՀ փորձագետները չեն հավատում Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության խաչմերուկներին. Կանխատեսվող ցուցանիշներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Աշխարհի տարբեր անկյուններում և Հայաստանում ապրող հայերը չեն կորցնում իրենց հույսը՝ առ այն, որ գալու է ժամանակը, երբ նորից հնարավոր է լինելու մայիսի 9-ը տոնել նոր հաղթանակների լույսի ներքո։ Թողնելով մի կողմ Հայաստանում տիրող հոգեբանական բարդ իրավիճակը՝ անդրադառնանք Հայաստանի հնարավոր հաղթանակներին տնտեսությունում։

Անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսությունը զարգացման մեծ քայլ է կատարել, սակայն չի կարողացել օգտագործել իր աճի ողջ պոտենցիալը՝ պայմանավորված տարիներ շարունակ տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտություններով։ Հիմա էլ իրավիճակը բարդ է, և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումները` տարածաշրջանի մի շարք առանցքային ցուցանիշների մասով, հույսեր չեն արթնանցնում։



Հարավային Կովկասում խնդիրները շատ են՝ չկարգավորված հարաբերություններ Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Վրաստան, Հայաստան -Թուրքիա, ինչպես նաև Թուրքիա-Ադրբեջան-Իրան ուղղություններով։ Այս պայմաններում հայերի հաշվին փորձ է արվում տարածաշրջանում սկիզբ դնել տնտեսական բազմակողմանի համագործակցությանը։ Սակայն, տարածաշրջանային վերելքին չեն հավատում նաև փորձագետները, որոնք ներկայացրել են կանխատեսումներ Հարավային Կովկասի երեք երկրների մասով․

Կանխատեսվում է, որ 2024թ․-ից հետո ՀՀ տնտեսության աճն էականորեն դանդաղելու է։ Մասնավորապես, 2024թ․-ին կանխատեսվում է տնտեսության 6,01% աճ, սակայն 2025թ․-ին կունենանք 5,3% աճ, իսկ 2026-2028թթ․-երին՝ 4,5% աճ։

Նման իրավիճակ է լինելու նաև Ադրբեջանում, որտեղ 2024թ․-ին կանխատեսվում է տնտեսության 2,8% աճ, իսկ 2025-2028թթ․-երին՝ 2,3% աճ։

Վրաստանում 2024-2026թթ․-երին տնտեսական աճը դադնաղելու է՝ 2026թ. հասնելով 4,7% մակարդակին, այնուհետև կսկսվի տնտեսական աճի արագացում՝ 2028թ․ հասնելով 5% մակարդակին։

2024-2028թթ․  ՀՀ -ում ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունն արձանագրելու է ամենաբարձր մակարդակը՝ 2025թ․-ին՝ 21,5%, ինչպես նաև նվազագույն մակարդակը՝ 2028թ․-ին՝ 20,4%։ Դիտարկվող ժամանակահատվածում վերոնշյալ ցուցանիշն ունենալու է թեթևակի տատանողական բնույթ։

Ադրբեջանում 2024-2028թթ․ դիտվելու է ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճ՝ 2028թ. հասնելով դիտարկվող ժամանակահատվածի առավելագույն մակարդակին՝ 23,2%։

Վրաստանում 2024-2028թթ․ ներդումներ/ՀՆԱ ցուցանիշը բավականին բարձր աճեր է արձանագրելու՝ 2028թ. հասնելով 26,6% մակարդակին։  

Կանխատեսվում է, որ 2024թ․ գնաճը Հայաստանում արձանագրվելու է 3,9%, իսկ 2025-2028թթ․ 4% մակարդակում։

Ադրբեջանում 2024 և 2025թթ․-երին կանխատեսվող 5% գնաճը 2026-2028թթ․-երին հավասարակշռվելու է 4% մակարդակում։
Վրաստանում
գնաճի դանդաղեցում է կանխատեսվում. 2024թ.-ին գնաճը կհաստատվի 4%, 2025թ․-ին՝ 3,7% և 2026-2028թթ․՝ 3% մակարդակներում։  

2024-2028թթ․-երին գործազրկության մակարդակը Հայաստանում աճելու է՝ 2028թ․-ին հասնելով 14% մակարդակին։
Ադրբեջանում, ընդհակառակը, նվազելու է՝ 2028թ. հասնելով նվազագույն մակարդակին՝ 5,3%։
Վրաստանում ևս դիտարկվող ժամանակահատվածում գործազրկության մակարդակի աճ է դիտվելու՝ 2026-2028թթ․-ին հաստատվելով 16,5% մակարդակում։

2024-2028թթ. ՀՀ վճարային հաշվեկշիռ/ՀՆԱ հարաբերակցությունը շարունակելու է իր «ազատ անկումը»՝ 2028թ. հասնելով -4,6% մակարդակին։ Ադրբեջանում պահպանվելու վճարային հաշվեկշիռ/ՀՆԱ հարաբերակցության դրական մակարդակը, սակայն էականորեն կրճատվելու է՝ 2028թ․ հասնելով իր նվազագույն մակարդակին՝ 4,3%:
 Վրաստանում ևս վճարային հաշվեկշիռ/ՀՆԱ հարաբերակցությունը պահպանվելու է բացասական տիրույթում՝ 2028թ․-ին հասնելով -5,5% մակարդակին։

  • Տվյալ ցուցանիշները հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ ԱՄՀ փորձագետները կասկածանքով են վերաբերվում Հարավային Կովկասում լայնամասշտաբ տնտեսական համագործակցությանը, որի մասին խոսում են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Հարավային Կովկասի ժողովրդին առաջարկում են տնտեսական ապաշրջափակում, խաղաղության խաչմերուկներ և բազմակողմանի համագործակցություն, որը խիստ անհավանական է թվում ներկայիս գլոբալ հակամարտության պայմաններում։
TAGGED:
Share This Article