Ճապոնական մասնավոր տիեզերական ընկերությունը ներկայացրել է տիեզերական աղբի`երբևէ արված առաջին խոշոր լուսանկարը: Նկարահանումները կատարելու նպատակով ավտոմատ կայանը մոտեցել է օբյեկտին և ուղեծրով հասել համընթաց շարժման։ «Անսովոր» թռիչքը մոլորակի ուղեծիրը խցանող պոտենցիալ վտանգավոր բեկորները որսալու և ոչնչացնելու առաքելության առաջին քայլն է:
Ապրիլի կեսերին ճապոնական Astroscale -ի կողմից արձակված տիեզերանավը հաջողությամբ հայտնաբերեց երկրի ուղեծրով շարժվող օբյեկտը։ Կայանը մոտ 100 մ հեռավորության վրա մոտեցել է աղբին և մոտիկից լուսանկարել այն։
Ցուցադրման նպատակն է փորձարկել անվտանգ մանևրելու տիեզերանավի կարողությունը` տիեզերական բեկորների մի կտորին այնքան մոտ, որ հնարավոր լինի այն որսալ առանց բախման:
Astroscale-ը համագործակցել է Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) կոմերցիոն աղբի հեռացման նախաձեռնության հետ: Ընկերությունը ներկայումս պլանավորում է առաքելության երկրորդ փուլը, որի նպատակն է հեռացնել բեկորները՝ օգտագործելով ռոբոտային ձեռքը, որը կցված է նավին:
Տիեզերական հետազոտությունների տասնամյակների ընթացքում, Եվրոպական տիեզերական գործակալության գնահատմամբ, տիեզերք է ուղարկվել մոտ 6,5 հզր հրթիռ, որոնք դուրս են բերել մոտ 17 հզր արբանյակ:
Դրանցից շատերը դուրս են եկել շահագործումից, բայց մնացել են ուղեծրում։ Գնահատվում է, որ ուղեծրով պտտվում է ավելի քան 36,5 հզր օբյեկտ, որոնց չափերը գերազանցում են 10 սմ-ը, ինչպես նաև 1սմ-ից սկսած միլիոնավոր մասնիկներ:
Հսկայական արագությամբ շարժվող օբյեկտները վտանգ են ներկայացնում ապագա տիեզերական թռիչքների և արբանյակների աշխատանքի համար: Հետևաբար, տարբեր երկրների տիեզերական գործակալություններն ու ընկերություններն աշխատում են ուղեծիրը մաքրելու խնդրի լուծման ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում