Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի պաշտոնական փակման միջոցառմանը:
Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավարներին՝ ընգծելով Ծրագրի շրջանակում տրամադրված փորձագիտական աջակցության և իրականացված կարողությունների զարգացման ծրագրերի կարևորությունը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, որն արտացոլվել է, ինչպես Կառավարության ծրագրում, 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության, այնպես էլ նոր՝ 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։
Փոխնախարարը նշել է, որ Ծրագրի շրջանակներում համագործակցությունը նպաստել է Հայաստանի Հանրապետության պետական հատվածում բարեվարքության խթանմանը և կոռուպցիայի կանխարգելմանը, մասնավորապես՝ աջակցելով Հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների իրականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի (բարեվարքության) ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը և ինստիտուցիոնալ կարողություննների զարգացմանը՝ ստեղծելու կոռուպցիայի կանխարգելման միջավայր, ինչպես նաև ընդլայնելով Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունները:
Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր` Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից և Եվրոպական միության պատվիրակությունից՝ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Յոհան Սաաթհոֆը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, Գերմանիայի ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար Ինգո Սորգացը, պաշտոնատար անձինք Լատվիայից, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական ներկայացուցչություններից և ՀՀ պետական մարմիններից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում