Ավինյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

1 Min Read

Ի՞նչ քայլեր ու նախագծեր են հարկավոր Երևանը որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու համար. քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոլորտում առկա խնդիրները քննարկել է զբոսաշրջային օպերատորների, ասոցիացիաների և հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն առանձնացրել են մի շարք հարցեր. համայնքի աջակցություն մասնավոր փառատոներին, քաղաքի հարմարավետության ապահովում ու մի շարք այլ ենթակառուցվածքներ:

«Երևանի զբոսաշրջային ոլորտը զարգացնելու և հարմարավետ ու հյուրընկալ միջավայր ձևավորելու նպատակով համայնքը տարբեր նոր նախագծեր է դիտարկում, և այս հարցում ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը: Կան դիտարկումներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ հիմնարար լուծումներ են մշակվել և դրանք մտել են գործնական փուլ: Մենք պատրաստ ենք լինել ձեր գործընկերը՝ առարկայական նախագծերի իրականացման հարցում»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Վերջին տարիներին մայրաքաղաքում նախաձեռնվող մշակութային միջոցառումներն առանձնանում են իրենց բացառիկությամբ. քաղաքապետ Ավինյանը կարևորել է նաև միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Շատ շուտով Երևանն, ի դեպ, կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում:

Կիսվեք այս հոդվածով