Պետական գույքի կառավարման կոմիտեն հանրօգուտ ծրագրի իրականացման համար «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին է նվիրաբերել Կապանում գտնվող շենք-շինություններ և հողամաս:
ՀՀ կառավարության որոշմամբ Կապան քաղաքում գտնվող 4 066․6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3 հեկտար մակերեսով հողամասը Պետական գույքի կառավարման կոմիտեն նվիրաբերել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (COAF)՝ այն վերակառուցելու և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» արտադպրոցական, նորարական, կրթական կենտրոն ստեղծելու նպատակով։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 5 տարվա համար կազմում է 2,500,000,000 ՀՀ դրամ։ Ներդրումն իրականացվելու է ԵՄ-ից ներգրավված դրամաշնորհային, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկից ներգրավված վարկային միջոցների հաշվին։
Նախագծի իրականացման արդյունքում համայնքաբնակ երեխաները հնարավորություն կունենան ստանալ որակյալ ոչ ֆորմալ կրթություն, իսկ նրանց ընտանիքների անդամները և երիտասարդները՝ ներգրավել տնտեսական, գյուղատնտեսական, սպորտային, ԳՏՃՄ (STEM) միջոցառումներում։ Ծրագրի շրջանակներում բարեկարգվելու են նաև կենտրոնի հարակից տարածքները, ճանապարհները և դրանց անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Հիմնադրամի գործունեության նպատակն է ՍՄԱՐԹ նախաձեռնությունների և համապարփակ ռեսուրսների միջոցով հզորացնել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին ու երիտասարդներին, բարելավել մարզերի կրթական, առողջապահական և տնտեսական ոլորտները՝ նպաստելով կայուն ու դինամիկ զարգացող համայնքների ստեղծմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում