ՏՏ ոլորտի կազմակերպություններին պետական աջակցություն կտրամադրվի

1 Min Read

Կառավարությունը վերաբաշխման միջոցով գումար կհատկացնի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այն կուղղվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը:

2024 թ., ըստ նախնական հաշվարկների, նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն 55 կազմակերպության 5,000,000.0 հազար դրամի չափով, իսկ 2025 թ.՝  2,000,000.0 հազար դրամի չափով, որի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվել է 2025-2027 թթ. ՄԺԾԾ հայտ:

Արդյունքում՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։

Ըստ հիմնավորման՝ պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293  դրամ, որից 2023 թ. 46 կազմակերպության՝ 5,283,234,974 ՀՀ դրամ: Արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:

ՀՀ Կառավարության կողմից ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության տրամադրման վերաբերյալ նշված որոշումների ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կիսվեք այս հոդվածով