6 հոգանոց ընտանիքը 30 մլն դրամի աջակցության հնարավորություն կունենա․ Փաշինյանը՝ արցախցիների բնակարանաշինության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանային ապահովման ծրագրի հետ կապված պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք ծրագիրը, և կարծում եմ՝ ստացել ենք բավականին լավ ծրագիր:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ որոշել են, որ երեք ուղղությամբ պետք է աջակցե ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. բնակարաններ կառուցելու, տներ ձեռք բերելու հարցում, և  կարևոր որոշում են կայացրել, որպեսզի սոցիալական ճիշտ բալանսավորումը չկորցնեն, նրանք ովքեր ունեն գործող հիփոթեքային վարկ, այսինքն՝ նախկինում բնակարան են ձեռք բերել, բայց վարկը մարված է, կառավարությունը աջակցություն կցուցաբերի նաև նրանց:

«Մյուս ուղղությունն էլ կա. նաև ընտանիքներ և տարեց մարդիկ կան, որոնք օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, այս ուղղության համար նաև սոցիալական բնակարանապահովման ծրագիր ենք մենք իրականացնում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ունենան սոցիալական բնակարան և դա օգտագործեն. սա մի քիչ առանձին ուղղություն է և առանձին ճյուղ է: Եթե շատ ուղիղ ասեմ. խոսակցական լեզվով ասեմ՝ սոցիալական բնակարանաշինությունը վերաբերում է, որ մենք մարդկանց բնակարան պետք է տանք, որտեղ նրանք կապրեն, բայց դա իրենց սեփականությունը չի դառնա»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է մեկ անձին հատկացվող աջակցությանը, ապա վարչապետն ասել է.

«Մենք նախատեսել ենք, որ աջակցության համար պետք է հատկացնենք 3 մլն դրամ, որը գործակիցներով ավելանալու է մինչև 5 մլն դրամ: Այսինքն՝ բազայինը 3 մլն դրամն է, բայց տարբեր բնակավայրերի գոտիականության հանգամանքների հետ է կապված. այսինքն՝ վեց հոգանոց ընտանիքը հնարավորություն կունենա ստանալ 30 մլն դրամի աջակցություն, և պարզ է, որ 30 մլն դրամը մի գումար է, որով կարելի է բնակարան ձեռք բերել»:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով