Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է զբաղվել Երևանյան լճին հարակից տարածքում մասնավորեցված հողատարածքներով:
Նրա խոսքով՝ դրանց սեփականատերերը դիմել են քաղաքապետարան։
«Ի սկզբանե այդ հատվածը պիտի լիներ հանրային կանաչ տարածք․ առաջարկում եմ այդտեղ լուծում տալ։ Հասկանանք, չափագրենք ամբողջը, դիմացի մայթ տեղափոխենք»,- ասել է նա:
Ավինյանը հիշեցրել է, որ քննարկվել է հողերի փոխանակման հարցը:
«Թե՛ սեփականատերերը իրենց շենքերը կկարողանան կառուցել, թե՛ լճի հարակից տարածքը նոր կառուցապատման զոնա չենք դարձնի․ ավելի տրամաբանական տեղ կտեղափոխենք, հողերի նշանակությունը կհասկանանք, կփոխենք, և անտառի 30 հեկտարից ենթադրաբար մի 10 հեկտարի փոխանակում պետք է արվի, ու լճի հատվածում կանաչ տարածք կունենանք, անկյունային հատվածում՝ նորմալ, բնականոն կառուցապատում, և ոչ մի քաղաքաշինական խնդիր չենք ունենա»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում