Թուրքիան մայիսի 2-ից դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը․ գրում է Bloomberg-ը։
Անկարան արտահանման դադարեցման մասին պաշտոնական հայտարարություններ չի արել։
Ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միջազգային պայմանագրերը խախտելու մեջ։
«Այսպես է իրեն պահում բռնապետը՝ անտեսելով թուրք ժողովրդի և գործարարների շահերը և անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը։
Ես հանձնարարել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենին անհապաղ ներգրավել կառավարության բոլոր շահագրգիռ կողմերին՝ Թուրքիայի հետ այլընտրանքային առևտրի տարբերակներ ստեղծելու համար՝ կենտրոնանալով տեղական արտադրության և այլ երկրներից ներմուծման վրա», – գրել է նա իր X էջում։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2023 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 6,8 մլրդ դոլար, որի 76%-ը ստացվել է թուրքական արտահանումից։ Անցյալ շաբաթ՝ ապրիլի 25-ին, Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան այլևս ինտենսիվ առևտրային հարաբերություններ չի պահպանում Իսրայելի հետ։
Մինչ այս՝ ապրիլի 9-ին, Թուրքիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարեց, որ սահմանափակումներ է մտցնում դեպի Իսրայել 54 կատեգորիայի ապրանքների արտահանման համար, քանի դեռ Գազայի հատվածում մարտերը չեն դադարեցվել, և անկլավի բնակիչներին չի հասել մարդասիրական օգնությունը։ Այդ ապրանքների թվում էին ալյումինե պրոֆիլներ և լարեր, պողպատե խողովակներ, կցամասեր, ցեմենտ, էքսկավատորներ և այլ շինարարական սարքավորումներ, ավտոյուղեր, ավիացիոն վառելիք և աղյուսներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում