ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը:
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից:
ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացված ծրագրերից, առկա խնդիրներից և նշել, որ Հայաստանում գործունեությունը շարունակելու պարագայում առկա է հնարավորություն՝ համագործակցել նաև այլ ծրագրերի շուրջ:
Վաչե Տերտերյանը խոսել է դպրոցաշինության հետ կապված ծրագրերից և կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը և զարգացումը:
Նախարարի տեղակալը խոսել է նաև ջրամբարաշինությունից, ոռոգման համակարգից, համայնքային տարբեր հարցերից, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներից:
Նանա Սկաուն խոսելով բռնի տեղահանվածների մասին՝ նշել է, որ իրականացրել են սոցիալական ինտեգրման խոչընդոտների վերլուծություն և պարենի անվտանգության գնահատում: Ամփոփելով այդ վերլուծությունն ու գնահատումը՝ հանգել են այն եզրակացության, որ կարգավիճակի հիման վրա տրվող աջակցությունից պետք է անցում կատարել խոցելիության հիման վրա տրվող աջակցության:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: