Շրջհարկի գործունեության տիրույթը պետք է ընդլայնել․ Փաշինյանն ամեն ինչ քանդում է ու բնաջնջում․ Հրանտ Բագրատյան

3 Min Read
Շրջհարկի գործունեության տիրույթը պետք է ընդլայնել և, աստիճանաբար, գործածությունից հանել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)։ Ասս մասին գրառում է կատարել տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Չէի ուզում գրել, բայց այսօրվա կառավարության նիստը հունից հանեց։ Այս անգամ քննարկվում էր հարկային հարց։ Մի քստմնելի քննարկում։ Ֆինանսների նախարար Հովհաննիսյանը ինչ-որ ֆինանսական հարց էր քննարկում։ Խնդիր առաջացավ շրջանառության հարկի (շրջհարկ) գծով։ Իբր թե մուտքերը քիչ են։ Փաշինյանն, իր բնավորության համաձայն, ոգևորվեց ու վրա տվեց։ Թե բա չեք իմացել, այդ օրենքում, որն ընդունվել է մի քսան տարի առաջ, այսպիսի սխալ կա. եթե տնտեսվարողը փաստաթղըերով հիմնավորում է իր ծախսերը, ապա զեղչ է ստանում։ Այստեղից նա “եզրակացրեց”, որ դրանով հենց օրենքով իբր թե այն խախտելու նախադեպ է ստեղծվում։ Հարց տվեց ՊԵԿ նախագահ Բադասյանին թե ի՞նչու է այդպես, ինչին վերջինս պատասխանեց, որ 2025թ հունվարի 1-ից այդ “թերությունը” վերացված է։ Պատասխանը վարչապետին չբավարարեց։ Նա սկսեց մեղմ ասած անհիմն “դատողություններ” անել շրջանառության հարկի սխալ լինելու շուրջ։ Թե բա 2018-ից ի վեր ի՞նչով էիք զբաղված, ինչպես միշտ խոսեց ինստիտուցիոնալիզմից, ասաց, որ հարկային համակարգի միասնականությունը պետք է վերականգնել և վերջում որոշեց շրջանառության հարկն ընդհանրապես վերացնել։ Ոչ մի քննարկում, ոչ մի երկխոսություն, ոչ մի առարկություն այդ աննախադեպ սխալ ելույթին։ Ի՞նչ համար են պետնախարարներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Լռե՞լու։

 

Ի՞նչ է իրականությունը։ Անկասկած, ճիշտ հակառակը. շրջհարկի գործունեության տիրույթը պետք է ընդլայնել և, աստիճանաբար, գործածությունից հանել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)։ Իհարկե, շրջհարկի տոկոսադրույքը պետք է փոփոփխվի այն հաշվով, որ փոխհատուցվեն բյուջեի հնարավոր կորուստները՝ պայմանավորված ԱԱՀ-ի դադարեցման կամ գործածության շրջանակների կտրուկ նեղացման հետ։ Բանն այն է, որ հատկապես բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ու արհեստական ինտելեկտի գերարագ զարգացման պայմաններում մեզ պետք է, որ շրջհարկը լինի տարբերակված ըստ գործունեության տեսակների (ոլորտների), չունենա ԱԱՀ հաշվարկման բարդությունները։ Աշխարհի փորձն է ցույց տալիս. բոլոր ԲՏ երկրներում (Չինաստան, Հվ. Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա և այլն) շրջհարկի գործունեության տիրույթն ընլայնվում է կամ էլ ԱԱՀ-ն տարբերակում են ըստ ոլորտների (ԵՄ)։ Միաժամանակ շրջհարկի կիրառությունը թույլ է տալիս խրախուսել ՓՄՁ-երին։

 

2 խոսք էլ հարկային քաղաքականության միասնականության մասին։ Միասնականությունն այն չէ, որ շրջհարկն ու ԱԱՀ-ն առանձին առանձին գոյություն չպետք է ունենան։ Միասնականությունն այն է, որ միևնույն եկամուտը միևնույն չափով պետք է հարկվի։ Դրա համար ոչ թե շրջհարկը պետք է վերացնել, այլ խոշոր բիզնեսը ևս մինչև այդ հարկի համար նախատեսված շեմը հարկել ինչպես փոքր բիզնեսը։
Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում։ Ինտելեկտի նույն “պաշարով” լուծում է Արցախի, բանակային շինարարության, ՀՀ սահմանների պաշտպանության, սահմանազատման ու սահմանագծման, քաղաքական ընդդիմության հարցերը, հող է տալիս, դավաճանություններ անում, ստեր խոսում»,- գրել է Բագրատյանը իր ֆեյբուքյան էջում։

 

Կիսվեք այս հոդվածով