Հայաստանում այս տարվա մարտ ամսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։
Պետական հատվածում մարտ ամսին միջին աշխատավարձը կազմել է 213 հազար 443 դրամ, մասնավոր հատվածում՝ 345 հազար 621 դրամ։
Նշենք, որ փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 273 հազար 425 դրամ։
Թեև ՀՀ վիճակագրական կոմիտեն առայժմ չի հրապարակել մարտ ամսվա աշխատողների թվաքանակն ըստ ոլորտների, այնուամենյանիվ, փետրվար ամսվա տվյալներն առկա են։
Ներկայացված գծապատկերից տեսնում ենք, որ Հայաստանում ամենաշատ աշխատողները մանրածախ և մեծածախ առևտրի, ավտոմեքենաների նորոգման ոլորտում են՝ շուրջ 126 հազար։
Դրան հաջորդում է կրթության ոլորտը՝ 124 հազար, երրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է՝ շուրջ 86 հազար։
Ըստ ներկայացված գրաֆիկի՝ ամենաբարձր վարձատրությունն ունեն ՏՏ և կապի ոլորտի աշխատակիցները՝ միջին աշխատավարձը` շուրջ 890 հազար։ Միայն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին աշխատավարձը 1 մլն 107 հազար դրամ է։
Երկրորդը՝ Ֆինանսների և ապահովագրության ոլորտն է՝ 854 հազար դրամ միջին աշխատավարձով։
Երրորդ տեղում՝ հանքարդյունաբերության ոլորտն է՝ 471 հազար դրամ միջին աշխատավարձով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում