Երեքշաբթի երեկոյան տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Անկարայում հանգեցրել է մի քանի մայրուղիների հեղեղման, խափանումներ են առաջացել տրանսպորտի և Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքում, – հայտնել է TRT հեռուստաալիքը։
Ճանապարհները վերածվել են գետերի, գոյացել են մի քանի կիլոմետր երկարություն ունեցող խցանումներ։ Հեղեղվել են մետրոյի մի քանի կայարաններ։ Կոմունալ ծառայությունները դժվարությամբ են հեռացնում ջուրը խաչմերուկներում և թունելներում։ Մի քանի շրջաններում հեղեղվել են տներ, խափանվել է էլեկտրամատակարարումը։
Թուրքական ավիաընկերությունների մոտ 10 ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում։ Մի քանի չվերթներ էլ ուղարկվել են այլ օդանավակայաններ:
Իշխանությունները տեղեկացրել են, որ տարերքի դեմ պայքարում կենտրոնացրել են ողջ անձնակազմն ու առկա տեխնիկան։ Զոհերի մասին տվյալներ չկան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում