Binance-ի հիմնադիրը դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման․ ինչու՞մ է մեղադրվում միլիարդատերը

1 Min Read

Ամերիկյան դատարանը չորս ամսվա ազատազրկման է դատապարտել Binance-ի հիմնադիր Չանգպեն Չժաոյին։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ  Չժաոն հանցագործներին թույլ է տվել իր հարթակում փողերի լվացմամբ զբաղվել։ Այս մասին գրում է BBC-ն։

Նոյեմբերին գործարարը հրաժարական տվեց Binance-ի ղեկավարի պաշտոնից և ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը փողերի լվացման վերաբերյալ ԱՄՆ օրենքները խախտելու մասով:

Նա նաեւ համաձայնել է վճարել 50 մլն դոլար տուգանք, իսկ ԱՄՆ իշխանություններին ընկերությունը պետք է վճարի 4,3 մլրդ դոլար։

Forbes-ի տվյալներով՝ Չանգպեն Չժաոյի կարողությունը կազմում է 33 միլիարդ դոլար։

Ամերիկյան իշխանությունները մեղադրում են իրավապահ մարմիններից հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները միտումնավոր թաքցնելու, պատժամիջոցների վերահսկման ռեժիմը խախտելու և կասկածելի գործարքների մասին չհայտնելու մեջ։

Խոսքը, մասնավորապես, ֆինանսական գործարքների մասին է, որոնք օգնել են երեխաների սեռական բռնություններին, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը, ինչպիսին Համասն է․ գրում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ Նիգերիայում շարունակվում է հետաքննությունը Binance-ի բիրժայի բաժնի ղեկավար, ԱՄՆ քաղաքացի Տիգրան Ղամբարյանի նկատմամբ հարուցված գործով, նա գտնվում է Նիգերիայի բանտում։ Ղամբարյանը հերքում է իրեն առաջադրված փողերի լվացման մեղադրանքը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով