Աշխարհի երկրների 30%-ում բռնություն է կիրառվել աշխատողների նկատմամբ. Ինչ են փաստում ցուցանիշները. ԻՆՖՈԳՐՖԻԿԱ

3 Min Read

 Մայիսի 1-ը ՀՀ ազգային օրացույցում և աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր:

 Սակայն այս ամենի մեջ կարևորը հասկանալն է՝ արդյոք աշխատողները պաշտպանված են 21-րդ դարում։ Նոր տեխնոլոգիական լուծումներն անպայմանորեն բերելու են աշխատանքի շուկայի էական ձևափոխությունների։ Ընդհանուր առմամբ, փոփոխություն է կրելու «աշխատավոր» հասկացությունը։

Տարբեր ոլորտներում արհեստական բանականությունն արդեն սկսել է մասամբ փոխարինել աշխատողներին, սակայն այդ դեպքում ինչպիսի կարգավիճակ են ունենալու ներկայիս վարձու «ստրուկները»։

Այդպես էլ մարդկությունը չկարողացավ հասկանալ, թե ինչպես է լինում, որ աշխատողները ձևավորում են ՀՆԱ-ի զգալի մասը, սակայն ստանում են ստեղծվող եկամուտների չնչին մասը։

Աշխարհում աշխատողների իրավունքները շարունակում են խախտվել։ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան (ITUC) յուրաքանչյուր տարի հաշվարկում է աշխատողների իրավունքների գլոբալ համաթիվը, որի միջոցով ինչ-որ կերպ փորձ է արվում նկարագրել աշխարհում աշխատողների իրավունքների պաշտպանության աստիճանը։


Ցուցանիշը տատանվում է 1-5+ բալի միջակայքում։ Վերջինս ձևավորվում է տարբեր երկրների մասով հավաքագրված փաստական տվյալների հիման վրա։ Այս առումով 5+ գոտում գտնվող 10 երկիր համարվել է աշխատողների համար չափազանց անտանելի։


2023թ.-ին այս ցուցակը համալրել են Էկվադորը և Թունիսը։ Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են Բանգլադեշը, Բելառուսը և Գվատեմալան։ Ցավոք, այս շարքում է  Բելառուսը, որի հետ միասին Հայաստանը գտնվում է միևնույն տնտեսական և «անվտանգային» հարթակում։

Հայաստանը 2023թ.-ին ներառվել է 3 բալ ունեցող երկրների շարքում։ Ընդ որում՝ Հայաստանի ցուցանիշը չի փոխվել 2022թ.-ի համեմատ։

Հայաստանում ևս խախտվում են աշխատողների իրավունքները. փաստացի գոյություն չունի ազդեցիկ արհմիություն կամ աշխատողների իրավունքների պաշտպանության ազդեցիկ կառույց։ Առկա բոլոր արհմիությունները, կարելի է ասել, բավականին ձևական բնույթ են կրում։

Վերադառնալով աշխարհում տիրող իրավիճակին՝ փաստենք, որ վերջին տարիներին չափազանց փոքրիկ առաջընթաց է արձանագրվել աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում, սակայն խնդիրներ կան, և դրանք շարունակում են խորանալ։

Արդյունքում  աշխարհում աշխատողների իրավունքների խախտման մասով առկա է հետևյալ պատկերը․

ITUC-ի կողմից ներկայացված հաշվետվությունից պարզ է դառնում, որ 2023թ.-ին աշխարհի երկրների 30%-ում բռնություն է կիրառվել աշխատողի նկատմամբ։

Այս մասնաբաժինը 2014 թվականի համեմատ 1 տոկոսային կետով ավելացել է։ Աշխարհի երկրների 87%-ում խախտվում է գործադուլի իրավունքը։ Այս ցուցանիշով աշխարհի հետընթացը 2023թ.-ին 2014թ.-ի համեմատ կազմել է 24 տոկոսային կետ։

2023թ.-ին աշխարհի երկրների 65%-ում աշխատողները զրկված են արդարադատության հասանելիությունից։

2023թ.-ին աշխարհի երկրների 79%-ում նկատվում է կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքի խախտում։

2023թ.-ին 2014թ-ի համեմատ 19 տոկոսային կետով ավելացել են այն երկրները, որտեղ աշխատողները զրկված են արհմիություն ստեղծելու կամ անդամագրվելու իրավունքից, և սա` երկրների 77%-ի դեպքում։

Արհմիությունների գրանցմանը 2023թ-ին խոչընդոտել են աշխարհի երկրների 73%-ում։

Աշխարհի երկրների 46%-ում 2023թ.-ին դիտվել են աշխատողների ձերբակալություններ։

2023թ.-ին Կոլումբիան համարվել է մի պետություն, որտեղ բավականին հաճախակի են լինում արհմիությունների ղեկավարների սպանություններ։

2023թ.-ին աշխարհի 8 երկրում արձանագրվել է արհմիության անդամների սպանության դեպքեր։

Ամփոփելով վերը կատարված վերլուծությունը, պետք է փաստենք, որ աշխարհի բազմաթիվ երկրների համեմատ Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանությունը համեմատաբար «տանելի» կարգավիճակում է գտնվում։ ՀՀ աշխատանքի շուկայի ամբողջական աշխատանքին խոչընդոտում են «իրական» արհմիությունների, ինչպես նաև աշխատողների իրավունքների նկատմամբ հասարակական վերաբերմունքի բացակայությունը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով