Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի գործառնությունը

2 Min Read

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։

ԶՔԳ -ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ 92․3 միլիոն եվրո վարկի գումարով (100 միլիոն դոլարին համարժեք) և «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ 16 միլիոն դոլար գումարի չափով։

Բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման և ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։

«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման և կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Գործառնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի հետ: Այն ներառում է գործողություններ, որոնք կամրապնդեն հակակոռուպցիոն միջոցառումները` ներդնելով ամուր շրջանակ` ազդարարման համակարգով և պետական ծառայողների նվերների մոնիտորինգի մեխանիզմով: Հաստատված գործառնությունը համահունչ է նաև Փարիզյան համաձայնագրին։

Գործառնությունը կաջակցի Կառավարության բարեփոխումներին հետևյալ ոլորտներում.

  • Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․
  • Հավասարության բարելավում և մարդկային կապիտալի զարգացման խթանում․
  • Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։

1992 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2․7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Հայաստանը 2023 թ․ դարձավ ՄԶԸ-ի դոնոր։

Կիսվեք այս հոդվածով