2024 թ. առաջին եռամսյակում ՀՀ–ում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել` մարտին կազմելով -1.2 տոկոս։
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել։ Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ, գնանկումային ազդեցություններ։ Ցածր գնաճային մակարդակը մեր երկրում պահպանվում է»,– նշել է նա։
Գալստյանի խոսքով՝ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ` միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունացման նպատակի ապահովման համար։
ԿԲ նախագահի խոսքով` 2024 թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել են առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը։
«Արդյունաբերությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը` պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը»,– ասել է Գալստյանը։