Ամերիկացի երգիչ և փոփ արքա Մայքլ Ջեքսոնն իր կյանքի մեծ մասը պայքարել է թմրամոլության դեմ։ Արտիստն ունեցել է 19 կեղծ փաստաթուղթ, որոնց միջոցով ձեռք է բերել դեղատոմսերը։ Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ վկայակոչելով TMZ-ի` դեռևս չհրապարակված վավերագրական ֆիլմը։ Ըստ ինսայդերների՝ Ջեքսոնը նույնիսկ օրագիր է պահել, որտեղ գրել է, թե որ «անձին» ինչ դեղեր են նշանակել։
Նշենք, որ Ջեքսոնի մոտ թմրանյութերի հետ կապված խնդիրները սկսվել են 1984 թվականին, այն բանից հետո, երբ նա երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել Pepsi-ի գովազդի նկարահանման ժամանակ: Նրան սկսել են ցավազրկողներ նշանակել, որոնք օգնել են արտիստին աշխատել՝ չնայած լուրջ վնասվածքներին։ Աստիճանաբար Ջեքսոնի մոտ կախվածություն է առաջացել։ Դրանից հետո նա մտացածին անուններով դիմել է բժիշկներին՝ դեղորայք ստանալու համար։ Կախվածությունն ի վերջո հանգեցրել է գերդոզավորման:
Հիշեցնենք, Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին, պրոպոֆոլի գերդոզավորումից, որը նրան ներարկել է անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը։ Բժշկին մեղադրել են չկանխամտածված սպանության մեջ և դատապարտել 4 տարվա ազատազրկման։ Նա 2 տարի անց դուրս է եկել, սակայն Ջեքսոնի երկրպագուները մինչ օրս ատելությամբ են հիշում բժշկի անունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում